ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում է: Սերժ Սարգսյանն Արցախի մայրաքաղաք է ժամանել այսօր: Վաղը նա մասնակցելու է եռատոնին նվիրված միջոցառումներին: Այսօր պաշտոնաթող նախագահը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, Ստեփանակերտի Արցախի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցում էր եռատոնին նվիրված հանդիսավոր երեկոյին: Երեկոյին մասնակցում էին նաեւ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, պաշտոնատար այլ անձինք: Երեկոյին մասնակցում էին նաեւ հայտնի քաղաքական գործիչներ Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհանիսյանը, Պարույր Հայրիկյանը: Ներկա էր նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Ասաց`դրանք կտաք Երեւանում: Դիտարկմանը, որ Երեւանում բոլոր հարցերը տալու հնարավորություն չենք ունենալու, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դուք կունենաք այդ հնարավորությունը»:
Իսկ հարցերը տարբեր էին`Արցախի հարցի կարգավորման ներկա փուլից, մինչեւ հայաստանյան՝ ներքաղաքական:
Կարդացեք նաև
Ստեփանակերտում է նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Արմեն Գեւորգյանը նույնպես չցանկացավ հարցերի պատասխանել: Հիշեցնենք, դատարանն այսօր վերացրել է Արմեն Գեւորգյանի նկատմամբ գույքի կալանքը: Արմեն Գեւորգյանն ասաց, որ ժամանակը կգա եւ ինքը բոլոր հարցերին կպատասխանի:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ