Այս տարի Հայաստանում 26 փառատոն կանցկացվի: Ճիշտ է, նախորդ տարիների համեմատությամբ փառատոնային օրացույցն այդքան էլ հարուստ չէ, բայց մի քանի ավանդական փառատոններ դուրս չեն մնացել ցանկից եւ այս տարի էլ զբոսաշրջիկներին կներկայացնեն հայկական մշակույթն ու սովորույթները, համեղ խոհանոցը: Փառատոները կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում եւ Հայաստանի ամբողջ տարածքում:
«Բարեկենդան», «Ծաղկազարդ», «Զատիկ», «Երեւանի գինու օրեր» փառատոններն արդեն ավարտվել են: Այս փառատոնները տեղի ունեցան գարնան ամիսներին: Մայիսի 19-ին, սակայն եւս մեկ՝ ավանդական դարձած փառատոն կա՝ Տոլմայի փառատոնը, որն անցկացվելու է Արարատի մարզի Հնաբերդ համայնքում:
Հունիսի 21-ից 23-ը Փամբակում, Երեւանում, Բյուրականում կանցկացվի «Ֆոլկը հանուն խաղաղության» փառատոնը:
«Հայբույս» փառատոնը կանցկացվի հունիսի 29-ին՝ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Այն խոտաբույսերին նվիրված փառատոն է, որի նպատակն է ներկայացնել հայկական բույսերի օգտակար, բուժիչ հատկությունները, դրանց կիրառությունը ոչ միայն կենցաղում, ճարտարապետության, դիզայնի այլեւ բժշկության եւ այլ ոլորտներում:
Կարդացեք նաև
Հունիս ամսվա ընթացքում Երեւանում կանցկացվի Արգենտինական տանգոյի փառատոն:
Հուլիսի 6-ին Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում կկազմակերպվի թթի ավանդական փառատոնը: Քանի որ Քարահունջ գյուղը միջնադարում գտնվել է Մետաքսի ճանապարհին այնտեղ զարգացած է եղել շերամապահությունը: Ճիշտ է շերամապահությամբ քարահունջցիներն այլեւս չեն զբաղվում, բայց շերամի որդերին կերակրելու համար տնկված թթենիներն այլ նպատակի են ծառայում: Քարահունջի բնակիչներն արդեն երկար տարիներ է՝ թթի օղի են թորում, որի համբավը ոչ միայն Հայաստանում է հայտնի, այլեւ՝ երկրի սահմաններից դուրս: Փառատոնի մեկնարկը տրվում է թութ թափ տալու արարողությամբ:
Հունիսի 13-14-ը Վայոց Ձորի Արտավան համայնքում տեղի կունենա էկոտուրիզմի փառատոնը: Այս փառատոնի միջոցով փորձ է արվում զարգացնել էկոզբոսաշրջությունը մեր երկրում, բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը: Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են էկոզբոսաշրջային ծառայությունների եւ գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, բուսաբանական արշավ, թիթեռադիտարկում, քայլարշավներ էկոերթուղիներով, ձիարշավ եւ այլն:
Հունիս ամսվա ընթացքում կանցկացվի «Հուսո Առագաստ» հեղինակային երգի փառատոնը, որը կկազմակերպվի Սեւանում եւ Դիլիջանում:
Հունիսի 27-ից 28-ը Տավուշի մարզի Ենոքավան համայնքում տեղի կունենա «Յելլ Էքստրիմ» փառատոնը: Միջոցառման ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով եւ օդապարիկով:
Այս տարվա հունիսի 27-ին էլ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում կանցկացվի «Ազնվամորու» փառատոնը: Այն նույնպես,ավանդական փառատոնների շարքից է:
Օգոստոսի 10-11-ը Գեղարքունիքում տեղի կունենա «Սեւանի երաժշտական փառատոնը»: Նույն օրը Տավուշի մարզի բերդ համայնքում կկազմակերպվի Մեղրի եւ հատապտուղների փառատոն:
«Խորովածի» փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 18-ին՝ Լոռու մարզի Ախթալա համայնքում:
«Արվեստների եւ արհեստների» փառատոնն էլ նախատեսված է Դիլիջանում՝ սեպտեմբերի 7-ին:
Սեպտեմբերի 20-22-ը Բյուրականում, Երեւանում եւ Փամբակում կանցկացվի «Խաղաղության խաչմերուկին» փառատոնը:
Աշնանը եւս մեկ ավանդական փառատոն կա՝ Գաթայի փառատոնը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ Վայոց Ձորի Խաչիկ գյուղում:
Սեպտեմբերի 27-ից 28-ը զբոսաշրջիկները կարող են մասնակցել թեյի եւ սուրճի փառատոնին՝ Երեւանում, որը կանցկացվի Կարապի լճի շրջակայքում:
Սեպտեմբերի 28-ին Գավառում տեղի կունենա «Մեծ փուռ» փառատոնը:
Սեպտեմբերի 28-ին էլ՝ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը:
«Արենի գինու» փառատոնն այս տարի կկազմակերպվի հոկտեմբերի 5-ին՝ Վայոց Ձորի Արենի գյուղում:
Հոկտեմբերի 11-12-ը Փամբակում եւ Բյուրականում տեղի կունենա «Թարգմանչաց» փառատոնը:
Նոյեմբերի 1-2-ը կրկին Փամբակում եւ Բյուրականում կանցկացվի «Նավասարդ բերքի» փառատոնը:
Տարին կփակի «Կաղանդ ֆոլկ. փառատոնը, որը կկազմակերպվի Փամբակում եւ Բյուրականում: Այս փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 28-29-ին:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ