«Այնպես չէ, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանքը վերացավ, բայց դատարանը մասնակի բավարարեց մեր բողոքը»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտարարեց` բողոքը մասնակի բավարարում է. Արմեն Գևորգյանի իրավունքները խախտվել են:
Մեզ հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանի որոշումն իրենց բավարարում է այնքանով, որքանով օրենքով դատարանը չէր կարող իրականում ամբողջությամբ բավարարել: Այնուհետև մանրամասնեց. «Բողոքը մասնակի բավարարվեց: Այս որոշումը մեզ համար օրինական և հիմնավորված է:
Արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը: Ինչու մասնակի բավարարվեց, քանի որ այս փուլում մայր գործը գտնվում է դատարանի վարույթում, ուստի դատարանը, եթե արձանագրում է իրավունքների խախտում, ապա կարող է ընդամենը բավարարել մասնակի, քանի որ ամբողջությամբ բավարարում նշանակում է միևնույն ժամանակ նախաքննական մարմնին պարտավորեցնել, որ խախտված իրավունքը վերականգնվի: Քանի որ նախաքննական մարմինն արդեն վարույթն իրականացնող մարմին չէ, հետևաբար նա այդ իրավունքի խախտումը վերացնելուն ուղղված գործողություններ այլևս չի կարող կատարել: Այդ իսկ պատճառով դատարանն այս փուլում ընդամենն արձանագրեց իրավունքի խախտումը առանց պարտավորեցնելու նախաքննական մարմնին, որպեսզի այդ խախտումները վերցնի: Այդ պատճառով ընդամենը մասնակի է բավարարումը տեղի ունենում»:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի՝ հետագայում արդյոք այս որոշումը նախադատելի կլինի դատարանի համար, որը մայր գործը քննում է, տեսության մեջ այդ հարցը վիճելի է: Ամեն դեպքում փորձելու են այս որոշումը հասու դարձնել մայր գործը քննող դատարանին և հասնել նրան, որ այդ իրավունքի խախտումն ի վերջո վերացվի:
Հարցին՝ այս որոշումից բխող հետագա գործողությունները որո՞նք են լինելու, պաշտպանը պատասխանեց. «Մենք նաև միջնորդություն ենք ներկայացնելու մայր գործը քննող դատարանին, և խնդրելու ենք, որ ինքն Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնի»:
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ մայր գործը քննող դատարանից այս պահին տեղեկություն չունեն. ծանուցում չեն ստացել նիստի վերաբերյալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ