«Իշխանափոխությունից հետո՞ են Հայաստանում սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ հայտնվել»,-այսօր հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազգային ավանդույթների պահպանման եւ ազգային արժեքների մասին եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց վերաբերյալ հարցին:
Փաշինյանը հիշեցրեց տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը, երբ սպառնում էին, որ կհրապարակեն, իր խոսքերով ասած՝ գեյ պաշտոնյանների ցանկը:
Ինչ վերաբերում է ազգային արժեքներին, Փաշինյանն ասաց. «Բանակը թալանո՞ղներն են հին ավանդույթ, կոռուպցիա՞ն է հին արժեքը»:
Անդրադառնալով տրանսգենդեր կնոջ շուրջ բարձրացված աղմուկին, Փաշինյանը հիշեցրեց, որ նախկին իշխանությունը նրան ՀՀ քաղաքացու անձնագիր է տվել եւ օժտել բոլոր իրավունքներով. «Ասում են՝ խարույկի վրա պետք է վառել, բա վառեիք: Հիմա մեզ մեղադրում են նրա մեջ, որ ՀՀ քաղաքացուն, որի անձնագիրը իրենք են տվել, մենք չենք վառում: Մենք ոչ մեկին չենք պատրաստվում վառել: Մենք պատրաստվում ենք ՀՀ քաղաքացիների բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Փաշինյանը Լիլիթ Մարտիրոսյանի՝ ԱԺ-ում ելույթից հետո հնչած հայտարարություններին էլ անդրադարձավ. «Հայտնի իրադարձություններից հետո, երբ ասում էին, որ ԱԺ-ն պետք է խնկարկել, ես բարձրաստիճան հոգեւորականների հետ ունեցա զրույց: Ասացի՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդը, սեռափոխված մարդը իրավունք ունի՞ եկեղեցի մտնել: Ասացին՝ այո, ունի: Ասացի՝ իրավունք ունի՞ մոմ վառել: Ասացին՝ իրավունք ունի: Ասացի՝ փաստորեն ստացվում է, որ Ազգային ժողովն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցին, հա՞: Ասում են՝ կարող է այդ մարդը գնալ եկեղեցի, նստել, հաղորդակցվել Աստծո հետ, ապաշխարել, ասացին՝ այո: Բայց որ ԱԺ-ից ելույթ է ունեցել, պետք է խնկարկե՞լ, սատանայազերծե՞լ: Բա եկեղեցի ինչո՞ւ եք թողնում մտնի, ուրեմն եկեղեցին սկզբից պետք է խնկարկել, հետո մտածել դրա մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ