Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունում կարեւոր նյութեր են ոչնչացրել: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետին հարցրեց. «Ե՞րբ եք պարզել դա, ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ, եւ ինչո՞ւ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը բանտում չէ»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամսաթվով չեմ կարող ասել, թե որ օրն ենք հայտնաբերել, բայց դա եղել է նախորդ տարվա ամռանը: Մտածում էինք՝ հայտարարե՞լ այդ մասին, թե ոչ, բայց քանի որ կառավարության հասցեին հարցադրումներ էին հնչում, որոշեցինք ասել: Օրինակ ասում են՝ ԱԱԾ-ն չգիտի՞, թե Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել եւ ինչպես: Պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք դրան եւ որոշեցինք այս մասին բարձրաձայնել: Ճիշտն ասած՝ դժվար էր հավատալ, որ նման բան հնարավոր է, հարցը երկար ժամանակ ուսումնասիրվում է»:
Փաշինյանը շեշտեց՝ ինքն ասել է, որ նյութերը ոչնչացվել են, բայց այդ բնորոշումն էլ գուցե ճիշտ չէ. «Դրանք պարզապես տեղում չեն: Գուցե վառվել են, գուցե այլ տեղ են պահվել կամ ոչնչացվել: Նախ պետք էր համոզվել, որ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը: Այդ նպատակով ծառայողական քննություն է արվում: Հավանական է, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի»:
Բաբաջանյանը հարցրեք՝ «կասկածներ ունե՞ք, որ տեղում չգտնվող փաստաթղթերն առնչվում են Մարտի 1-ի գործին»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում՝ մարդկանց եւ իրադարձություններին: Օրինակ՝ դրանք այն մասին են, թե որեւէ ընդդիմադիր գործչի նկատմամբ ինչ օպերատիվ գործողություններ են իրականացվել: Կան պատառիկներ, որոնց հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա: Առավել մանրամասն չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ