2018թ. արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերն են, որոնք արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: 2018թ. արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին: Նշվածի հիմնական պատճառներից մեկն է քաղաքացիների նախաձեռնողականության ակնհայտ աճը, ինչն արտահայտվել է հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունների մասին վերջիններիս կողմից տրված հաղորդումներով»,-ԱԺ ամբիոնից այսօր ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մասին տարեկան զեկույցը՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ հանցագործությունների դեպքերի աճը պայմանավորվել է նաև բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակների դեպքերի աճով, ինչպիսիք են՝ պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը. «2018թ. ընթացքում 362 դեպքով կամ 278.5%-ով /130-492/ աճել է պետական և հանրային գույքի հափշտակության, 298 դեպքով կամ 182.8%-ով ՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերի թիվը /163-461/, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերն աճել են 90-ով կամ 60%-ով /150-240/: Միաժամանակ, նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018թ. ընթացքում Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշված դեպքերից 3-ը վերաբերում են անձի անհետ կորելու փաստերին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ