Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական աճի միտումը նվազել է». Սուրեն Պարսյան

Մայիս 08,2019 17:22

«Համակարգային կոռուպցիայի մասով զգալի քայլեր կատարվեցին, հարկային մաքսային համակարգի վարչարարության ոլորտում դրական քայլերը նկատելի են: Այդ փոփոխությունները գալիս են նաև նախորդ կառավարությունից և սա լավ շարունակություն եղավ: Միևնույն ժամանակ ունեցանք առանձին ուղղություններով զգալի բացթողումներ և ծայրահեղ լիբերալ մոտեցումներ»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա՝ ավելացող խնդիրներն ավելի շատ են, քան լուծվողները. «Եթե նախորդ կառավարությանը քննադատում էին տնտեսական աճի անորակությամբ, ապա այս կառավարությունը ևս շարունակեց այդ քաղաքականությունը: Մի վատ մշակույթ շարունակվում է այսօր. պաշտոնական վիճակագրության համաձայն ունենք 6.2 տոկոս տնտեսական աճ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ունեինք 10.6 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական աճի միտումը նվազել է»:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ մյուս խնդիրն այն է, որ նախկին իշխանությունների մի վատ մշակույթ էլ է շարունակվում. վիճակագրությունը փորձում են թաքցնել. «Արտահանման դեպքում 8.6 տոկոս անկում ունենք, երբ անցյալ տարի այս ժամանակահատվածում 34.4 տոկոս արտահանման աճ ունեինք: Վարչապետն այսօրվա իր ասուլիսում այս մասին ասաց, թե դրա պատճառն այն է, որ Թեղուտը չի աշխատում: Բայց 2018-ի հունվարից Թեղուտը չի աշխատել»:

1994-98 թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ չենք կարող պնդել, որ այսօր կա այն տեսանելի տնտեսական մոդելը, որով առաջ է գնալու մեր երկիրը: Դառնալով իշխանության վարած համահարթեցման քաղաքականությանը՝ Բագրատ Ասատրյանը կողմ արտահայտվեց, բայց միևնույն ժամանակ նշեց. «Կառավարությունը միանգամից քցվեց հարցերը լուծելու, բայց չեմ կարծում, որ ամենահաջող ճանապարհով են գնացել: Ես կողմ եմ համահարթեցմանը: Այն, ինչ ասում էին ձևականություն էր. բարձր սանդղակով հարկվողների թիվը մի խումբ մարդիկ են: Այն մեծահարուստներին, որ տեսնում էինք, նրանք ընդհանրապես հարկեր չէին վճարում: Պրոգրեսիվը պետք է վերաբերի եկամուտներին, ոչ թե աշխատավարձին»:

Հղում կատարելով առաջին եռամսյակի հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներին՝ Բագրատ Ասատրյանն ասաց. «Ապշած եմ. ՀՀ-ն ունի պրոֆիցիտային բյուջե, մենք ունենք ավելացուկ, որը չգիտենք՝ որտեղ ծախսել: Սա սարսափելի վատ բան է մեր տիպի երկրների համար: Հարկերի հավաքագրումն աճել է 25 տոկոսով, ծախսերը մնացել են նույն մակարդակի վրա, չունենք դեֆիցիտ, բայց մենք ունենք իրացվելիության անկում տնտեսության մեջ: Վաղը մյուս օրը սա մի տեղից դուրս է գալու»:

Այս առիթով ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նկատեց՝ ակնհայտ ճշմարտություն է, որ տնտեսության զարգացմանը պրոֆիցիտային բյուջեն չի կարող նպաստել, բայց մյուս կողմից էլ նշեց, որ նախորդ տարի նույնպես կապիտալ ծախսերի մասով թերակատարում տեղի ունեցավ. «Կապիտալ ներդրումները նախատեսվածից ավելի քիչ տեղի ունեցան: Ծախսերը նախորդ տարիների ծրագրերի շարունակությունն էր: Բազում մեծ ծրագրերում առկա էին չարաշահումներ: Մենք կարծում ենք, որ կապիտալ ծախսերը զգալիորեն պետք է բյուջեի կառուցվածքում ավելանան և ամենևին հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է միտված չլինի դեֆիցիտի կրճատմանը»:

Դառնալով Սուրեն Պարսյանի հնչեցրած քննադատություններին, թե նոր կառավարությունը նախորդ կառավարության վատ մշակույթները շարունակում է, ՀՀ վարչապետի խորհրդականը հավաստիացրեց՝ ՀՀ_ում միայն նախկին իշխանության և նրանց ընտանիքների սոցիալական վիճակն է վատացել ու նշեց. «Հասարակության սոցիալական վիճակը կատարված քայլերի արդյունքում, այո, չունի այն սպասումների բավարարումը, որը կար: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում բացի նախորդ իշխանություններից և նրանց ընտանիքներից, որևէ մեկի սոցիալական վիճակը չի վատացել: Ութսուն հազար թոշակառուների թոշակ է բարձրացվել, զգալիորեն նվազել են տոկոսադրույքները, որոշ տեղերում աշխատավարձերն են բարձրացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031