Լրահոս
Օրվա լրահոսը

2 հայտնի հիվանդանոց կունենա պետականի կարգավիճակ. Արսեն Թորոսյանի հիմնավորումները

Մայիս 08,2019 17:08

Ազգային ժողովն այսօր քննարկում էր օրինագիծ, որով նախատեսվում է առողջապահության ոլորտի երկու կազմակերպությունների՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ը եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»-ը հանել պետական գույքի մասնավորեցման ցանկից: Ինչպես հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այդ հաստատությունների՝ հետագայում որպես պետական կառույցներ գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ն իրականացնում է չարորակ եւ բարորակ գոյացությունների հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում, նաեւ՝ գոյացություններ ունեցող հիվանդների վիճակագրության եւ տեղեկատվության մշակում՝ ՀՀ ողջ տարածքում:

«Հանրապետական նշանակության 500 մահճակալ ունեցող հիվանդանոցն առաջարկում է ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ: Այժմ այն ՀՀ-ում գործող օնկոլոգիական բուժօգնության ծառայություններ մատուցող ամենախոշոր եւ բազմաֆունկցիոնալ ԲԿ-ն է: Իսկ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»-ն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ՝ այրվածքային հիվանդությունների բուժում եւ սպասարկում: Այս կենտրոնը միակն է տեսակով: Տարեկան այստեղ բուժվում է 550-600 քաղաքացի, իսկ 3000 հիվանդ շարունակական հսկողության ներքո է»,-տեղեկացրեց նախարարը:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ հաշվի առնելով ՀՀ-ում օնկոլոգիական հիվանդությունների թվի աճը եւ այն փաստը, «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»-ը միակն է ՀՀ-ում, նպատակահարմար է, որպեսզի այդ կենտրոնները գործեն պետական համակարգում. «Դրանց զարգացումը պետք է ուղղորդվի եւ համակարգվի անմիջապես պետության կողմից: Պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակում այդ կազմակերպություններն ավելի արդյունավետ կգործեն, ինչը չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավումը»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «միֆ» որակեց պնդումը, որ այդ երկու հիվանդանոցներում բարձրակարգ սպասարկում է իրականացվում. «Դրանք գտնվում են ողբերգական վիճակում: Անվճար ծառայություն գրեթե չկա՝ անգամ քիմիաթերապիա ստանալիս: Կողմ եմ, որ այդ հիվանդանոցները լինեն մասնավորների ցուցակում, իսկ պետությունը թող լրացուցիչ գումարներ հատկացնի»:

Արսեն Թորոսյանը հակադարձեց. «Ողբերգական վիճակը վերջին տարիներին բարելավվել է երկու կենտրոններում էլ՝ բաժանմունքներ են բացվել, նորոգվել: Իսկ պետպատվերի ծավալներն ավելացել են եւ ավելանալու են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031