Խորհրդարանն այսօր քննարկում էր օրենքի նախագիծ, որով պետական տուրքի չվճարման համար կիրառված տույժերը համաներվելու են: ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ նախագիծը վերաբերում է ծանրաքարշ ավտոմեքենաների շահագործմամբ զբաղվող ընկերություններին կամ անհատներին, նաեւ՝ ուղեւորափոխադրումներ կատարող տաքսի-ծառայությունների ստեփականատերերին կամ անհատ վարորդներին: Օրինագծով նախատեսվում է ներել մոտ 681 միլիոն դրամի պարտավորություն:
ԲՀԿ պատգամավոր Արտաշես Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվում է ներել նաեւ մի շարք վարչական տուգանքներ. «Օրինագիծը նախատեսում է առանց արտոնագրի տաքսի-ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար նախատեսված պետտուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետտուրքի չվճարման տույժերի վճարումից, եթե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվում է պետտուրքի մայր գումարը՝ ընդհանուր 415 միլիոն դրամ»:
Հավելենք, որ նախագիծը դեռ պետք է անցնի առաջին ընթերցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ