Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան քառօրյայի հերոսն ասել էր. «Լավ սպա դառնալու համար զինվորականը պետք է առաջին գծում ծառայի»

Մայիս 08,2019 16:23

Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անունով։ Ապագա գյուղից էր կապիտանը։ Հանդիսավոր միջոցառումը եւ հերոսի կիսանդրու բացումը տեղի ունեցավ մայիսի 8-ին։ Ներկա էին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, հոգևորականներ, զինծառայողներ: «Ապագայի 90-ամյա դպրոցի պատմության մեջ սա միակ միջոցառումն է, որ երբեւէ կրկնություն չի ունենա: Հայրենիքին իրենց կյանքը տված եւ նրա ճամփեքին մոմի պես հալված տղաներից է Հովսեփ Կիրակոսյանը…Նրա անունը հավերժանալու է տասնամյակների ու դարերի մեջ ` իր իսկ հարազատ կրթական օջախում»,-նման խոսքերով բացվեց միջոցառումը:

Դպրոցի տնօրեն Մխիթար Մխիթարյանը օրը հիշարժան որակեց, ասաց, որ այն իր տեղը կունենա դպրոցի տարեգրության մեջ. «Դպրոցն անվանակոչվում է մեր շրջանավարտ, Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի անունով…Նա Արցախյան շարժման հասակակիցն էր.. Ո՞վ կմտածեր, որ Արցախյան պատերազմը բաժին կհասներ նաեւ Հովսեփ Կիրակոսյանին»: Տնօրենը ներկայացրեց կապիտանի անցած ճանապարհը, նրա` Մատաղիս գյուղի զորամաս կամավոր տեղափոխվելը:

 

«Մատաղիսը ռազմաստրատեգիական տեսակետից ամենաբարդ դիրքեր ունեցող գյուղն է, մարդը կամավոր մեկնել է ամենադժվար տեղը ծառայության»,-շեշտեց դպրոցի տնօրենը: Նաեւ մտաբերեց, թե ինչպես էր կարճատեւ արձակուրդներից մեկի ժամանակ զրուցել կապիտանի հետ ու նա ասել էր. «Ընկեր Մխիթարյան, լավ սպա դառնալու համար զինվորականը պետք է առաջին հերթին առաջին գծում ծառայի: Ես անչափ ուրախացա որպես նրա պատմության ուսուցիչ, որ նրա համար ոչ թե կոչումն է կարեւոր, այլ լավ սպա լինելը, որոնց կարիքը Հայաստանը միշտ ունեցել է…»: Մխիթարյանը նշեց, որ համայնքի ցանկությունն էր դպրոցը տեսնել իր հերոսի անունով: Հավելեց, որ այս տարի դպրոց է հաճախել Հովսեփի ավագ որդին` Գեղամը, եւ դպրոցի կոլեկտիվը պատրաստակամ է ամեն ինչ անել, որպեսզի նա ստանա հայեցի կրթություն:

Լոևսանկարը՝ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նախ բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման օրվա առիթով, ապա անդրադարձավ հերոսի կիսանդրու բացման արարողությանը. «Ես այստեղ եմ առաջին հերթին որպես Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքի բարեկամ եւ ոչ թե որպես ԱԺ փոխնախագահ: Հովսեփի ընտանիքի հետ ծանոթացել եմ ծանր օրերին եւ ինձ նրանց հարազատն եմ համարում: Ես զրույցներից իմացա, որ Հովսեփը զոհվել է` փրկելով 25 զինվորների կյանքը:

Այսօր մեզ համար երախտագիտության եւ խոնարհումի օր է…Մենք այստեղ ենք խոստանալու Հովսեփին եւ նրա ընտանիքին, որ մեր սրտերում ենք պահելու իր հիշատակը եւ հոգալու ենք նրա ընտանիքի բարեկեցությունը»:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւս ելույթ ունեցավ: «Չմոռանալով մեր հերոսի սխրանքը, այսօր հավերժացնում ենք հերոսի հիշատակը հայրենի գյուղի դպրոցը նրա անունով կոչելով»,-ասաց մարզպետը:

Հերոսի կինը` Մարիամ Գրիգորյանը հուզված էր, որ դպրոցն անվանակոչվել է ամուսնու անունով եւ բացվել է նրա կիսանդրին: «Ուրախ ենք, որ այս կարեւոր եւ հիշարժան օրը մեր կողքին էին մեր մարզպետը, ԱԺ փոխնախագահը, շնորհակալ եմ դպրոցին, որ որդուս` Գեղամին հոգատարությամբ է շրջապատել»: Նա ասաց, որ Հովսեփ Կիրակոսյանը միշտ ավագ որդուն` Գեղամին տեսնում էր որպես գիտության մարդ, սակայն տղան որոշել է գնալ հոր ուղով, իսկ կրտսեր որդին` Էրիկը երազում է իրավաբան դառնալ: Էրիկը սեպտեմբերին պատրաստվում է առաջին դասարան գնալ:

«Հովսեփը միշտ ասում էր, որ տարիներ կանցնեն, ու դեռռ կխոսեն իր մասին: Իր զոհվելուց երեք տարի է անցել, ու իսկապես խոսում են եւ դեռ կխոսեն»,- հիշում է Մարիամ Գրիգորյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031