Ս․թ․ մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման:
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ծովինար Սողոմոնյանը վավերացրեցին հանրային կառավարման ոլորտում ԱՄՆ-Հայաստան երկկողմ համաձայնագրի ժամկետի երկարացման փաստաթուղթը՝ ԱՄՆ օժանդակությունն ավելացնելով 8,5 միլիոն դոլարով։ 2013 թվականից ի վեր այս համաձայնագրի ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն ընդհանուր առմամբ 35,1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական զարգացման:
Ստորագրված փաստաթղթի համաձայն ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աշխատել Հայաստանի կառավարության և տեղի շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու ազգային և տեղական մակարդակներում կառավարման ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու համակարգի կայացմանը, բարելավելու երկրի իրավական կարգավորման դաշտը, զարգացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև բարելավելու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ստորագրված մեկ այլ փաստաթղթով Միացյալ Նահանգները 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացրեց տնտեսական աճի ոլորտում 2013 թվականին կնքված 80.7 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրի ընդհանուր գումարը և կատարման ժամկետը։ Շարունակելով աջակցությունը Հայաստանում ավելի մրցունակ և դիվերսիֆիկացված մասնավոր հատվածի ուղղությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կխթանեն նորարարություն մի շարք ոլորտներում, կզարգացնեն համապատասխան աշխատուժի կարողությունները, ինչպես նաև կբարելավեն բիզնես միջավայրը: Ծրագրերը նաև կօգնեն բարելավել ձեռնարկությունների աճի և զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հիմնական ենթակառուցվածքների՝ այդ թվում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ծառայությունները:
Կարդացեք նաև
ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ 1992 թվականից՝ Գործակալության հայաստանյան գրասենյակի հիմնադրումից ի վեր: Այսօր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն իրականացնում է շուրջ 30 ծրագիր` օգնելով բարձրացնել Հայաստանի տնտեսական աճն ու մրցունակությունը, խթանել քաղաքացիական մասնակցությունն ու մասնակցային կառավարումը, ընդլայնել որակյալ բուժսպասարկման մատչելիությունը, ինչպես նաև բարելավել խոցելի երեխաների բարեկեցությունն ու սոցիալական ներգրավվածությունը՝ միևնույն ժամանակ խթանելով ներառական կրթությունն ու համայնքային ծառայությունների մատչելիությունը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մամուլի հաղորդագրություն