Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Քոչարյանի՝ ընդդիմությանը միանալու հայտարարության մասին

Մայիս 08,2019 15:31

«Ռոբերտ Քոչարյանն ում ուզում է միանալ, թող միանա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Քոչարյանը հայտարարել է, որ միանում է նոր ձեւավորվող ընդդիմադիր ուժին, եւ երեկ Արցախում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորում է անցկացվել, արդյոք կապ տեսնո՞ւմ է Քոչարյանի հայտարարության եւ այդ ֆորումի միջեւ:

Փաշինյանի խոսքերով՝ մարդիկ կան, որոնք չեն հասկացել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ուրիշ մարդիկ․․․ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ-ում այլեւս երբեք իշխանություն չի լինի։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավելի տոկոս հավանականությամբ։ Հանրապետական կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից»:

Իսկ ինչ վերաբերում է նախկինում իշխանության մաս կազմած Դաշնակցությանը, Փաշինյանն ասաց՝ «Դե, Դաշնակցությունը ավանդական կուսակցություն է»:

Վարչապետի ներկայացմամբ՝ իշխանությունն անցել է ժողովրդին եւ հարց ուղղեց՝ Քոչարյանն ո՞ւմ դեմ է պայքարելու, ժողովրդի՞. «Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետ եմ՝ վարչապետ եմ: Կորոշի, որ ես վարչապետ չեմ՝ ես վարչապետ չեմ լինի։ Ես զարմանում եմ, չնայած ինչո՞ւ եմ զարմանում, ասում է՝ պիտի նայես, պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես ու պիտի չիմանաս։ Այդ մարդիկ ապրում են իրենց աշխարհում, նրանց թվում է, թե կյանքը դեռեւս իրենց զրահապատ մեքենաների սահմաններում է, որոնցով հիմա ես եմ երթեւեկում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031