«Երբ որեւէ տեղ գնում ենք փառատոնի, մարդիկ փորձում են մեր միջոցով հասկանալ, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ է Հայաստանն իրենից ներկայացնում: Հաճախ ասում են, թե չէին էլ սպասում, որ կա նման երկիր, որը նման արվեստ ունի:
Երկու տարի առաջ, երբ ուսանողներիս տարել էի Թուլուզ` Ֆրանսիա, իրենք այնտեղ ներկայացրին բեմական շարժման իրենց ունակությունները, կազմակերպիչները պարզապես զարմացել էին: Ասացին, որ այդ առումով շատ բան ունեն մեզնից սովորելու»,- «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Նրա ձեւակերպմամբ, մշակույթը պետք է անընդհատ «խաղացնել» եւ հանգիստ վերաբերվել գլոբալիզացիայի այսօրվա միտումներին` առանց գլուխը ավազի մեջ թաքցնելու. «Պետք է աշխատել եւ հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ազգային, միայն որակյալն է: Չի կարող անորակ բանը լինել ազգային: Մենք հաճախ անորակ բանը փորձում ենք հրամցնել ազգայինի անվան տակ ու դժգոհել, թե մեզ ոչ ոք չի հասկանում, որովհետեւ դա ազգային էր: Չկա նման բան..»:
Պարոն Բաբայանը նշեց, որ սոցցանցերում ակտիվության եւ գովազդի շնորհիվ թատրոն այցելություններն աճել են, սակայն ինքը չի կարծում, որ թատրոնն իր առջեւ պետք է քանակական խնդիր դնի:
Կարդացեք նաև
«Նախորդ նախարարը` Արմեն Ամիրյանը հիացմունք էր արտահայտում, որ ներկայացումների թիվն աճել է, բայց մենք ասում էինք, որ սա կինոթատրոն չէ, դերասանը, որ խաղում է օրվա ընթացքում 2 ներկայացում եւ 4 ներկայացում, դրանք տարբեր որակի ներկայացումներ են: Դերասանը մեկ ներկայացման ժամանակ մինչեւ 2 կգ քաշ է կորցնում…»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, նա նշեց, որ հաճախ որոշ ներկայացումներ հայերեն են խաղում այլ երկրներում, ինչպես օրինակ Գոգոլի «Վհուկը». «Հաճախ ուզում են, որ լուսագրեր լինեն, իսկ ես մինչեւ վերջին պահը խնդրում եմ, որ նման բան չանեն, որովհետեւ դրանք շեղում են:
Ներկայացման մեջ կարեւոր է մթնոլորտը, որի մեջ մտնում է հանդիսականը` ստեղծագործական անձնակազմի հետ միասին: Ներկայացումը վերջիվերջո կիսաֆաբրիկատ է, վերջնական մշակութային արժեք նա դառնում է միայն հանդիսատեսի շնորհիվ… Ի դեպ, թատրոնում լեզուն եւս գեղարվեստական կատեգորիա է, այլ ոչ թե շփման միջոց…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ