Լրահոս
Օրվա լրահոսը

Միխայիլ Վոսկրեսենսկի. «Որպես Խաչատրյանի մրցույթի ժյուրիի անդամ՝ մասնակիցներին գնահատելիս հաշվի եմ առնելու նրանց տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը»

Մայիս 08,2019 15:17

Հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կազմված է մեծանուն երաժիշտներից, որոնք ներկայացնում են երաժշտական տարբեր դպրոցներ։ Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի կողմից ղեկավարվող ժյուրիի կազմում, ի թիվս ճանաչված արտիստների, ընդգրկված է նաև ռուս մեծահամբավ դաշնակահար, մանկավարժ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին։

Միխայիլ Վոսկրեսենսկին նշում է, որ շատ ուրախ է, որ մեր օրերում գործում է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթ։ «Որպես մրցույթի ժյուրիի անդամ՝ մասնակիցներին գնահատելիս հաշվի եմ առնելու նրանց տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը։ Իդեալական երաժիշտներ չկան, արվեստի ուժն այն է, որ բոլորը տարբեր են»,- ասում է դաշնակահարը։

Բնական է, որ մրցույթի յուրաքանչյուր մասնակից հուզվում է ժյուրիին ներկայանալիս։ Ի՞նչ խորհուրդ է տալիս Միխայիլ Վոսկրեսենսկին երիտասարդ երաժիշտներին։ «Հուզվում են ոչ միայն մրցույթի մասնակիցները, այլև բոլոր իսկական արտիստները։ Պարզապես պետք է աշխատել խուսափել լարվածությունից և ամբողջ հուզմունքն ուղղել զգացմունքային հարթություն, և ինչպես ասել է դաշնակահար Հենրիխ Նեյհաուզը, տաք սրտի պայմաններում պետք է ունենալ սառը վերահսկող միտք»,- նշում է Միխայիլ Վոսկրեսենսկին։

Ռուս դաշնակահարը նկատում է, որ մեծապես գնահատում է Արամ Խաչատրյանի արվեստը. «Իմ ուսուցչին՝ Լև Աբորինին է նվիրված Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Բնականաբար, պատանի տարիներից ես գիտեի ու հիանում էի նրա երաժշտությամբ, իսկ կոնսերվատորիայի 3-րդ կուրսում սովորել եմ նրա կոնցերտն ու նվագել եմ այն Արամ Խաչատրյանի համար, հետագայում նույնիսկ ձայնագրել եմ նրա կոնցերտը Խաչատրյանի ազգական Էմին Խաչատրյանի ղեկավարությամբ»։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթին մասնակցելու է 12 երկրի 30 դաշնակահար։ Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին: Այն 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ լինելով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: Երաժշտական այս ստուգատեսն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Խաչատրյանի մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031