Լրահոս
Օրվա լրահոսը

«Mолодец, парень». Ալեն Սիմոնյանի գեղեցիկ ժեստը եւ վետերանների պահանջը՝ ԱԺ-ից

Մայիս 08,2019 14:22

Հաղթանակի 74-րդ տարեդարձի առիթով այսօր ԱԺ էին այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:

Թեյի սեղանի շուրջ նրանց հետ հանդիպեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը գեղեցիկ ժեստ արեց՝ մեծերի նկատմամբ: Սեղանի կենտրոնական մասում ԱԺ փոխխոսնակի համար տեղ էին պահել, սակայն նա չնստեց՝ տեղավորվելով սեղանի մի անկյունում եւ տեղը զիջելով արժանավոր վետերաններին: Սիմոնյանի խոսքով՝ ձեր վաստակն ավելի մեծ է, ես կնստեմ մայրիկի կողքը: Մայրիկ ասելով՝ Ալեն Սիմոնյանը նկատի ուներ պատերազմի մասնակից Ռոզալիա Աբգարյանին, որը 4 տարի առաջնագծում է եղել, նաեւ վաստակավոր ուսուցչուհի է:

Տիկին Ռոզալիան ԱԺ փոխխոսնակին ասաց, որ հետեւում է, թե ինչպես է նա աշխատում ԱԺ նախագահությունում: Հավանո՞ւմ եք՝ հարցրեց Սիմոնյանը, վետերանը պատասխանեց, որ իրեն դուր է գալիս. «Mолодец, парень»:

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվում էր, թե ոնց են մեր մեծերը: Նրանք ասացին` լավ են, մեկը դժգոհեց, որ ծնկներն են ցավում:

Փոխխոսնակի խոսքով՝ «Հայրենիքը պինդ է եղել ու այսօր էլ պինդ է ձեզնով: Մենք մշտապես ձեզանից սովորելու եւ լսելու բաներ ունենք: Ուզում եմ իմ սերնդի, ԱԺ-ի անունից ինձ թույլ տալ շնորհակալություն հայտնել այդ բոլոր շքանշանների, այդ բոլոր տարիների համար, որ դուք տվել եք մեր հայրենիքին, գլուխ եմ խոնարհում ձեր բոլոր արարքների դիմաց»:

Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանն ասաց, որ շատերը առաջին անգամ են լինում ԱԺ պատմական շենքում. «Ուրախ ենք, որ այստեղից լսում ենք մեր ժողովրդի կյանքը ավելի լավացնող որոշումներ: ՀՀ բոլոր վետերանները այսօր մեր կառավարության հետ են»:

Վետերանները առաջարկ ունեին Ալեն Սիմոնյանին, խնդրում էին, որ վետերաններից մեկը լինի ԱԺ-ում, որ իրենց շահերը պաշտպանի: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Կլինի՞ ես լինեմ այդ մարդը՝ ձեր շահերի պաշտպանը, կվստահե՞ք ինձ»: Նրանք էլ ասացին, որ ուզում են իրենց ներկայացուցիչը լինի, որ կարողանա բոլոր հարցերը տեղնուտեղը լուծել:

Փոխխոսնակը խոստացավ հարցը քննարկել ԱԺ ղեկավարության հետ:

Տիկին Ռոզալիան ջերմ զրուցում էր Ալեն Սիմոնյանի հետ, նրան պատմում, թե ինչպես իրեն դիմավորեցին, երբ եկավ Հայաստան ու հայերեն չգիտեր: Երբ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հյուրասիրությունից հետո լուսանկարվել, վետերանները խնդրեցին, որ ներկա լինի նաեւ «ընկեր Միրզոյանը»: Նրանց խնդրանքը բավարարվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031