Հայաստանում ընդդիմադիր ուժերը միավորվում են՝ մարտահրավեր նետելու նոր ղեկավարությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալությանը կալանավայրից գրավոր կերպով տված հարցազրույցում:
«Այս գործընթացը միանշանակ կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծման, որն ի վիճակի կլինի շատ շուտով մարտահրավեր նետել իշխանություններին»,-ասել է նա:
Հարցին՝ արդյոք ինքն անձամբ կներգրավվի այդ ընդդիմադիր ուժի ստեղծմանը՝ նա պատասխանել է՝ «այո՛, իհարկե»՝ չմանրամասնելով, թե ինչ դերակատարություն է ունենալու:
Քոչարյանը նաև ասել է, որ իր դեմ առաջ քաշված մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն, և Փաշինյանի կառավարությունը օրենքի ընտրողական մոտեցում է ցուցաբերում՝ իրեն բանտում պահելու համար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իշխանափոխությանը՝ Քոչարյանն ասել է, որ այն արդյունք էր «հասարակության մեջ կուտակված դժգոհության և փոփոխությունների մեծ ցանկության», բայց դա հեղափոխություն չէր:
«Ես դա չէի անվանի հեղափոխություն, քանի որ հիմնովին ոչ մի բան չի փոխվել երկրում, բացի նրանից, որ հասարակության մեջ առաջ է եկել ագրեսիայի մեծ բաժին, իսկ իշխանության շրջանում՝ պոպուլիզմ և դիլետանտիզմ»,- ասել է նա:
Քոչարյանն անդրադարձել է նաև 2008թ. ցույցերին՝ պաշտպանելով այդ իրադարձությունների ժամանակ ընդունված որոշումները:
«Կարգը վերականգնվել է միայն արտակարգ իրավիճակ սահմանելուց հետո և դրա շնորհիվ,- ասել է նա: -Դա չանելը կնշանակեր նախագահի կողմից պաշտոնական անգործություն»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ