2018 թվականի նոյեմբերի 9-ին կայացած դպրոցի տնօրենի ընտրությունից, դրան հաջորդած դպրոցի ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների բողոքի ակցիաներից՝ շուրջ 14 օր դասադուլից մի քանի ամիս անց, իսկ ավելի ստույգ ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որի համաձայն «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավանի Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
Հաղորդագրությունում` առանց նշելու նախկին տնօրենի անունը, կոնկրետ մանրամասներ էին նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործից, ինչից թերևս ակներև էր, թե ում մասին է խոսքը։ Լրատվամիջոցներից մեկի հարցմանն էլ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատել է լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկությունն այն մասին, որ խոսքը Լուսինե Կարապետյանի, այսինքն՝ իմ մասին է ։
Դրանից հետո իմ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար դիմել եմ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակին և արդեն իմ ներկայացուցիչը՝ փաստաբան Մհեր Հակոբյանը, համապատասխան հարցում է կատարել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությանը՝ խնդրելով հայտնել, թե վերոնշյալ հաղորդագրության մեջ հիշատակված դպրոցի տնօրենն արդյո՞ք Լուսինե Ժիրիկի Կարապետյանն է, թե՝ հաղորդագրության մեջ հիշատակված քրեական գործը վերաբերում է տվյալ դպրոցի նախկին այլ տնօրենի գործողություններին։ Բացի դրանից, իմ ներկայացուցիչը միջնորդել էր ինձ տրամադրել համապատասխան դատավարական կարգավիճակ, քանի որ հաղորդագրությունից հետևում է, որ իմ նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում (եթե իհարկե հաղորդագրությունն ինձ է վերաբերում)։ Բացի դրանից, իմ փաստաբանը ներկայացրել էր նաև այլ միջնորդություններ, օրինակ՝ կատարել առերեսումներ, տրամադրել փաստաթղթեր և այլն: Սակայն, հարցմանն ի պատասխան Չարենցավան քաղաքի քննչական բաժնի պետի տեղակալ Ա.Ս.Իսկանդարյանը պատասխանել է, որ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող թիվ 66152819 քրեական գործով Լուսինե Ժիրիկի Կարապետյանը դատավարական կարգավիճակ չունի և կողմ չի հանդիսանում, ուստի իրավասու չէ միջնորդություն ներկայացնելու»: Չարենցավան քաղաքի քննչական բաժնի պետի տեղակալ Իսկանդարյանը փաստաբանի հարցմանն ուղղված պատասխանում նշել է նաև, որ «անհրաժեշտություն առաջանալու դեպքում Լուսինե Ժիրիկի Կարապետյանը կհրավիրվի Չարենցավանի քննչական բաժին»։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինն ի լուր աշխարհի հայտարարել է, որ ես հանցագործություն եմ կատարել, սակայն չի թույլատրում, որպեսզի ես օրենքով սահմանված կարգով իրականացնեմ իմ իրավունքների պաշտպանությունն ու ամեն գնով խոչընդոտում է իմ իրավունքների իրացմանը, ինչը ցանկացած անկողմնակալ դիտորդի մոտ կարող է այն համոզմունքն առաջացնել, որ Չարենցավանի Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոցում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո իմ նկատմամբ նպատակաուղղված հետապնդում է իրականացվում: Այդ հետևությունը հիմնավորում է նաև այն, որ, օրինակ՝ Չարենցավանի Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոցի ներկայիս տնօրենը վերոհիշյալ դպրոցի Facebook-յան էջում, հղում կատարելով վերոհիշյալ հաղորդագրությանը, սոցիալական ցանցերում և մասնավոր հաղորդագրություններում տեղեկություններ է տարածում, որ ինձ մեղսագրվող հանցագործությունն «արդեն իսկ ապացուցված փաստ է և քրեական գործն ուղարկվել է դատարան»:
Կարդացեք նաև
Ըստ այդմ հայտնում եմ, որ թեև նշված գործողությունների հետևանքով տեղի է ունեցել իմ հիմնարար իրավունքների խախտում, մեծ վնաս է հասցվել իմ անվան ու համբավին, սակայն ես չեմ պատրաստվում «թաքնվել» անմեղության կանխավարկածի հետևում ու օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով իրականացնելու եմ իր իրավունքների պաշտպանությունն ու վերականգնելու եմ արդարությունը, քանի որ ես որևէ հանցանք չեմ կատարել ու իմ պաշտոնավարման ընթացքում դպրոցի գույքին կամ հեղինակությանը որևէ վնաս չեմ հասցրել. դպրոցը եղել է իմ երկրորդ ընտանիքը, որին ես նվիրել եմ իմ կյանքի 13 տարիները:
Բացի այդ, ես ցանկանում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել իմ Չարենցավանի ու Հայաստանի մյուս բնակավայրերի այն բնակիչներին, ովքեր հավատում են իմ անմեղությանն ու այս ընթացքում օժանդակել և օգնել են ինձ: Ես համոզված եմ, որ Ձեր միջոցով ու Ձեր աջակցությամբ ես կարող եմ հաղթել կատարվող անարդարությունը, և այդ նպատակով խնդրում եմ ամբողջ հասարակության աջակցությունն ու օժանդակությունը:
Չարենցավանի Վազգեն Ա-ի անվան N 3 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Ժիրիկի Կարապետյան