2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրած բժիշկ-վիրաբույժ Լևոն Նավոյանն ու բուժմասի պետ Արթուր Հարությունյանը դեպքից հետո ազատվել են աշխատանքից, իսկ ՔԿՀ պետերին նման խախտումները հետագայում բացառելու նպատակով հանձնարարականներ են տրվել։
Հարցը 2019թ․ հունվարի 31-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ուղղված միջնորդագրում բարձրացրել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Ա․ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ ՔԿՀ-ում Ս․ Գևորգյանին տրամադրված բուժօգնության վերաբերյալ հստակ եզրակացություն տալ հնարավոր չէ, քանի որ նրա ամբուլատոր քարտը լրացված է ոչ պատշաճ, բազմաթիվ ջնջումներով ու ուղղումներով, բժշկական միջոցառումների ժամերի աղավաղմամբ, ինչը փորձագիտական տեսանկյունից կարևոր նշանակություն կարող էր ունենալ։ Սա վկայում է այն մասին, որ ՔԿՀ բժիշկ-վիրաբույժ Լևոն Նավոյանն ու բուժմասի պետ Արթուր Հարությունյանը իրենց պարտականությունները բարեխղճորեն չեն կատարել։
Քննիչի միջնորդագրի հիման վրա իրականացված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա․ Զալյանը 2019թ․ մարտի 14-ին դիմել է Քրեակատարողական ծառայության պետին։ Սակայն քրեակատարողական ծառայությունից հրաժարվել էին տեղեկատվություն տրամադրելուց և հորդորել էին այդ հարցով դիմել համապատասխան քննչական բաժին։ Մինչդեռ տեղեկատվությունը տնօրինողը պարտավոր է տրամադրել այն կամ եթե իրավասու չէ դա անելու, պարտավոր է հարցումը փոխանցել իրավասու մարմնին։
Կարդացեք նաև
Միայն ՀՀ արդարադատության նախարարություն դիմելուց հետո ԱՆ վերահսկողական ծառայությունից ուղարկել են միջնորդագրի հիման վրա տրված հանձնարարականների օրինակները։ Պատասխանից տեղեկանում ենք, որ բարձրացված հարցերը քննարկվել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում անցկացված խորհրդակցության ընթացքում, և նման խախտումները հետագայում բացառելու նպատակով հանձնարարականներ են տրվել ՔԿՀ պետերին։ Տեղեկանում ենք նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասի պետ Արթուր Հարությունյանը՝ 2015թ․ մայիսի 13-ին, իսկ բժիշկ-վիրաբույժ Լևոն Նավոյանը՝ 2016թ․ ապրիլի 19-ին ազատվել են աշխատանքից։
Դատապարտյալի ամբուլատոր քարտը աղավաղումներով լրացրած բժիշկներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, սակայն նրանց անփույթ աշխատանքի արդյունքում բժիշկ-փորձագետները չեն կարողանում եզրակացություն տալ ՔԿՀ բժիշկների բուժօգնություն տրամադրելու հարցում թույլ տված խախտումների և դատապարտյալի մահվան միջև պատճառահետևանքային կապի մասին։ Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ ՔԿՀ-ից մասնագիտացված հիվանդանոց տեղափոխումը կատարվել է ուշացումով, սակայն առկա է պատճառահետևանքային կապ Ս․ Գևորգյանի մահվան և դրա միջև, թե՝ ոչ, փորձագետները չեն կարողացել եզրակացնել։ Վարույթն իրականացնող մարմինն էլ, առանց կրկնակի հանձնաժողովային փորձաքննության պատշաճ իրականացման, հանցակազմ չի հայտնաբերել և 2019թ․ փետրվարի 12-ին կարճել է գործի վարույթը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա․ Զալյանը Երևան քաղաքի դատախազություն բողոքարկելուց և մերժում ստանալուց հետո քրեական գործը կարճելու որոշումը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նա նշել է, որ իրականացվել է ոչ պատշաճ քննություն, որի արդյունքում խախտվել են տուժողի իրավունքները։
Դատարանը դեռևս չի քննել բողոքը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ