Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղասահքի դպրոցն այլեւս Իրինա Ռոդնինայի անունով չի. Երեւանի ավագանին անվանափոխեց

Մայիս 08,2019 13:51

Այսօր «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը Երեւանի ավագանու նիստում կրկին բարձրացրեց գեղասահքի հայտնի մարզիչ Իրինա Ռոդնինայի անունը կրող Երեւանի գեղասահքի դպրոցը անվանափոխելու հարցը: Ռոդնինան, որը նաեւ հանդիսանում է Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը, ըստ Անի Խաչատրյանի, կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ եւ ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը։ Անի Խաչատրյանի համոզմամբ, Ռոդնինան, միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992 թվականին Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունը այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։

Անի Խաչատրյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու այս հարցին, քանի որ չի ուզում,որ մեր երեխաները հաճախեն մի դպրոց, որը կրում է մի կնոջ անուն, որը անհարգալից վերաբերմունք ունի մեր ժողովրդի եւ իրեն թույլ է տալիս սպեկուլիացիայի ենթարկել պատմությունը՝ ելնելով ինչ-ինչ շահերից. «Մենք այսօր ականատես ենք մի շատ կարեւոր երեւույթի: Մի կողմից ընդունում ենք մարդու՝ սպորտսմենի տվյալները, հանճարեղ լինելն իր ոլորտում, ընդունում ենք նրա պրոֆեսիոնալիզմը եւ մեր երեխաներին կուզեինք, որ ասեինք նմանվի այդ մարդուն, ձգտի, աշխատի, իր պես, բայց, մյուս կողմից, իր մի արտահայտությամբ նա շուռ է տալիս այդ ամբողջը եւ, մենք մեր երեխային ասում ենք, ո՜չ բալիկ ջան, մի՜ նմանվիր, որովհետեւ չկա որեւէ բան, որը կարող է գնալ պատմական փաստերի կեղծմանը, որը կարող է գնալ ժողովուրդներին վիրավորելու, նահատակներին վիրավորելու եւ, առավել եւս, ինչ-ինչ շահերին ծառայելու»:

Իզաբելլա Աբգարյանի խոսքով, գոյություն ունի ամենաբարձր բանը, որը պետք է փոխանցել երեխաներին, այդ թվում այդ դպրոցում սովորողներին. «Նախեւառաջ՝ պետք է լինել ազնիվ, արդար սեփական հոգու առաջ, պետք է լինել մարդ, պետք է չվաճառվել, չտրվել սադրանքների եւ մի բան ասելուց առաջ, ես ինքս իմ երեխաներին եմ ասում՝ եթե վստահ չես, եթե չունես հարյուր տոկոսանոց տեղեկատվություն, ամբողջովին չես ուսումնասիրել մի՜ արա այդ հայտարարությունը, մի՜ խոսիր մի բանի մասին, որից չգիտես»:

Մանրամասները` տեսանյութում

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արթուր Մանուկյանն այլ կարծիք ուներ այս հարցի վերաբերյալ, սակայն ասաց, որ ինքն էլ կողմ է քվեարկելու, որովհետեւ կարծում է, որ բոլորով միասին են «փուռը» գնում: Նրա համոզմամբ, այս հարցով մենք թակարդի մեջ ենք ընկել. «Թակարդը լարել էին ադրբեջանցիները, կնոջը ցույց էին տվել մեռած, խոշտանգված խաղաղ բնակիչների նկարները, ասել էին՝ սրանք արել են այս-այս մարդիկ, նա էլ ասել էր՝ էս ինչ վատ բան են արել այդ մարդիկ: Այսինքն՝ տիկին Ռոդնինան ենթարկվել էր այդ կեղծարարությանը, մանիպուլացվել էր, խաբվել էր, եւ իր հայտարարությունները հիմնված են այդ խաբեության վրա: Եվ մենք ադրբեջանցիների լարած թակարդի դուռն ենք փակելու»:

Արթուր Մանուկյանի կարծիքով, այս թեման պետք էր «իգնոր» անել եւ չնկատել. «Եվ գնալ ասել՝ տիկի՜ն, դուք տեսել եք, որ քննությունը չի եղել մինչեւ վերջ արդար, դու մեղադրում ես ազգայնականներին, որ ազգի ազգայնականներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ավագանու 52 անդամ այս հարցին կողմ քվեարկեցին, 4-ը՝ ձեռնպահ:

Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը դարձավ «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031