Խորհրդարանն այսօր քննարկեց ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ներկայացնելով օրինագիծը՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Որեւէ մեկը չի թերագնահատում հայկական կինոյի դերը, անուններ չթվարկեմ: Կողմ չեմ եղել տոնացույցը ծանրաբեռնելուն, բայց կինոոլորտի կազմակերպությունների եւ փառատոնների կազմակերպիչների հետ քննարկման արդյունքում առաջարկում ենք ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր: 1923թ.-ի այդ օրը հիմնվել է պետկինոն, որը 66թ.-ին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի»:
Նաիրա Զոհրաբյանին չի գոհացրել օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Կինոյի միջազգային օր արդեն իսկ նշվում է դեկտեմբերի 28-ին. 1895թ.-ի այդ օրը Փարիզում ցուցադրվել է Լյումիեր եղբայրների ֆիլմերից մեկը: Նաիրա Զոհրաբյանը կասկած հայտնեց՝ արդյոք որեւէ մեկը ՀՀ-ում գիտի՞ այդ օրվա մասին եւ նշո՞ւմ է այն. «Ռուսաստանն, օրինակ, այլ օր է նշում իր կինոյի օրը, ուստի համաձայն չեմ, երբ ասում են, թե միջազգային տոնի առկայության դեպքում պետք չէ ազգային տոն սահմանել»:
Նաիրա Զոհրաբյանին տարօրինակ է թվացել կառավարության մեկ այլ դիրքորոշումը. «Ասում են, որ ապրիլի 16-ը Ոստիկանության օրն է. պարբերաբար ցնցվում եմ կառավարության էկզոտիկ հայտարարություններից: Կառավարությունն իրավունք ունի իր որոշմամբ որեւէ օր սահմանել որպես մասնագիտական տոն, բայց տոների մասին օրենքում Ոստիկանության օր նշված չէ»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց. «Եթե ԱԺ-ն ընդունեց այս օրինագիծը, դուք այդ օրն ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք նշելու՝ որպես մասնագիտությամբ թատերագետ»:
Զոհրաբյանը պատասխանեց. «Դա լինելու է անակնկալ, որը քննարկել ենք Հարություն Խաչատրյանի հետ: Կինոհամայնքն իր միջոցառումներով արդեն իսկ ապրիլի 16-ը նշում է որպես կինոյի օր»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է դրվի քվեարկության եւ անցնի առաջին ընթերցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ