Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի 2800-ամյակի այգին՝ սենսորային շատրվաններով ու արձանիկներով

Մայիս 08,2019 14:00

Երեւանի 2800 ամյակին նվիրված այգում բարեկարգումն ավարտվել է, մայիսի 10-ին այն պաշտոնապես կբացվի: Այս օրերին շինարարական աշխատանքներից մնացած «հետքերն» են մաքրում, ծաղիկներ տնկում, շատրվանները փորձարկում, մի խոսքով՝ կարգի բերում ու պատրաստվում բացմանը:

Թեեւ այգին փակ է, սակայն «Առավոտ»-ի թղթակցին հաջողվեց ներս մտնել եւ մի քանի լուսանկար անել:

Մայրաքաղաքի Իտալիայի եւ Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այս այգում երբ մեկնարկեցին շինաշխատանքները, դրանք շատ քննադատվեցին: Հատկապես նշում էին, որ բազմաթիվ ծառեր են հատվել, անճաշակ նախագիծ է եւ այլն:

Կդառնա՞ այգին երեւանցիների սիրելի վայրը, ժամանակը ցույց կտա: Բայց նախկինում անտեսված, բարձիթողի ու ծերացած այգին հիմա լրիվ այլ տեսք ունի:

Այգու համար Հոլանդիայից բերվել են բարձրակարգ, 70 տեսակի 250-ից ավելի ծառեր. այս մասին մեզ հետ զրույցում ասացին այգու աշխատակիցները: Փոխարենը, քաղաքապետարանի թույլտվությամբ հատվել են մոտ 40 հին ծառեր:

Այգին տարբեր կողմերից մուտքեր ունի: Մի հատվածում, որտեղ Երեւանի հատակագիծն է պատկերված, սենսորային շատրվաններ են տեղադրվել: Մարդկանց թույլատրվելու է կանգնել այդտեղ եւ վայելել շատրվաններից հոսող ջրի շիթերը: Շատրվաններն էլ տեղական չեն. եվրոպական երկրներից են բերվել:

Այգում տեղադրված են հետաքրքիր արձանիկներ: Նստարանների պակաս էլ չկա:

Ու թեեւ, այգու բարեկարգման աշխատանքներն ավելի վաղ պետք է ավարտվեին, դրանք հետաձգվեցին մի քանի պատճառներով, այդ թվում՝ հեղափոխության, բայց ինչպես ասում են՝ շուտով համացանցը կպայթեցնեն այգու արձանիկների ու շատրվանների կողքին արված քաղաքացիների լուսանկարները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

08.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031