Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման մեկ տարվա լրանալու կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 100 փաստ-փոփոխություն, որոնք իրականացրել է այս կառավարությունը:
Այդ փաստերից են օրինակ՝ վարչապետի ծառայողական ավտոշարասյունը կանգնում է լուսացույցի նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, եւ զիջում է ճանապարհը հետիոտնին: Երկրի ղեկավարն առաջին անգամ ներկայացել է դատարան: Երգիչներ Արամեն, Սարոն եւ Մարտին Մկրտչյանը հայտարարագրել են իրենց եկամուտները:
Ուշագրավ փաստերից են՝ այս տարվա առաջին եռամսյակում 2400-ով ավելի է ներգաղթի թիվը: Այս տարվա առաջին եռամսյակում մոտ 3000 ապօրինի միգրանտ հեռացել է ՀՀ-ից: Ամուսնալուծությունների թիվը նվազել է 16%- ով, իսկ ամուսնությունների թիվը 5%-ով ավելացել է:
100 փաստերը ներկայացնելուց հետո վարչապետը ներկայացրեց, իր խոսքերով ասած՝ պահուստային փաստերը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի հարց տալ ՀՀ վարչապետին, ինչն արտահայտվում է ֆեյսբուքի եւ քաղաքացիների հետ տարբեր միջոցառումներին ազատ շփումներում: Պահուստային փաստերից են՝ լրագրողներն ազատորեն կարող են հարց տալ վարչապետին, մեկ տարվա ընթացքում երկրի ղեկավարը հինգ ընդարձակ ասուլիս է տվել:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի ներկայացրած փաստերի՝ ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը կրում են հայկական արտադրության հագուստ: Բայց, վարչապետն ասաց, որ այնպես չէ, որ բացառապես հայկական արտադրության հագուստ է կրում, քանի որ մինչ վարչապետ ընտրվելը այլ երկրի ծագման հագուստ է ունեցել. «Ես հո դրանք չէի գցելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ