Այսօր առավոտից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են Եռատոնին նվիրված միջոցառումները: Արցախի Վերածննդի հրապարակում արցախցի երեխաներն ու պատանիները ցուցադրում են իրենց ունակությունները տարբեր սպորտաձեւերում, իսկ Շահումյան պուրակում շախմատային մրցաշար է: Տոնական միջոցառումներին մասնակցում են Արցախի ղեկավարները:
Միջոցառումների կազմակերպիչ, Ստեփանակերտի քաղաքապետարանի հատուկ հանձնարարություններով մասնագետ Էդուարդ Առուշանյանը ամեն տարի նոր ոգեւորությամբ է կատարում տոնական նախապատրաստություններին վերաբերվող իր պարտականությունները: Ինքը դրանք պարտականություններ էլ չի համարում, քանի որ սիրով ու համոզմունքով է անում, որպեսզի «երեխեքի դուխը տեղը լինի»: Նաեւ սպորտի նկատմամբ սերը պահպանվի. մեզ ոչ միայն ուժեղ, այլ նաեւ առողջ սերունդ է պետք:
Փոքրիկ Էլմիրան արդեն երկու կամ երեք անգամ է մասնակցում այս միջոցառումներին: Ոգեւորությունից հաշիվը խառնել է: Բայց հաստատ որոշել է, որ կարատեիստ է դառնալու`ոչ թե տղաներին ծեծելու համար, այլ, բացատրում է`«կարատեն ուժ ու վստահություն է տալիս»:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Կիոկուշին կարատեի կրկնակի չեմպիոն Արթուր Առուստամյանն էլ մեծ ոգեւորությամբ է պատմում իր հաջողությունների մասին, թե ինչպես է երկու անգամ`2013-ին եւ 2016-ին, հաղթանակ տանելով` Արցախի դրոշը բարձրացրել: Առաջին անգամ Ադրբեջանում հիստերիա է բարձրացել, ադրբեջանական լրատվամիջոցներն են բողոքել:
Երկրորդ անգամ արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է միջազգային սպորտկոմիտեին` նախազգուշացնելով, որ եթե հաջորդ անգամ էլ նման բան կրկնվի, իրենք կդիմեն միջազգային դատարան: Բայց ինքը դրանից չի կաշկանդվել: Ասում է`եթե հաղթեց, նորից Արցախի դրոշն է բարձրացնելու: Իր սաներին էլ այդպես է դաստիարակում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ