Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը Եվրոպայում մասնակցել է համաշխարհային մեծ նախագծի: Արտիստն օրեր առաջ է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ համագործակցել է չորս «Գրեմմի» մրցանակի արժանացած պրոդյուսեր Լարի Քլեյնի հետ՝ Beyond Music նախագծի շրջանակում:
Ֆրանսիայի La Fabrique Studios ընկերությունում ձայնագրվել է մի ալբոմ, որի համար ստեղծագործություններ են կատարել աշխարհի տարբեր երկրների երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյանը: Ընդ որում՝ ալբոմի ստեղծման վրա աշխատել են արտիստներ, ովքեր համագործակցել են Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի, Մադոննայի, Սթինգի և բազում այլ գերաստղերի հետ:
Սկավառակը լույս է տեսնելու մի քանի ամսից և ներկայացվելու է ամենատարբեր հեղինակավոր մրցույթների: Ջիվան Գասպարյանի խոսքով՝ եթե այս ալբոմը համերգային ծրագիր դառնա, ինքը շատ մեծ ցանկություն ունի, որ այդ համերգը ներկայացվի նաև Հայաստանում:
Տեղեկացնենք նաև, որ Beyond Music նախագծի համահիմնադիրն է աշխարհահռչակ երգչուհի Թինա Թերները:
Կարդացեք նաև
Ի դեպ, սա Լարի Քլեյնի և Ջիվան Գասպարյան կրտսերի առաջին համագործակցությունը չէ: Վերջերս երգչուհի Մադելին Պերուն ձայնագրել է սկավառակ, որի երկու ստեղծագործություններում հնչում է Գասպարյանի անզուգական դուդուկի ձայնը:
Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը ծնվել է 1982թ., Երևանում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռն է: Մանուկ հասակից հաճախել է դաշնամուրի և վոկալի: Միևնույն ժամանակ պապու մոտ դուդուկ է սովորել:
2001թ. «Վիզա» բենդի կազմում հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում: Այնուհետև, ավագ Գասպարյանն իր երկյակի մեջ ներառում է կրտսեր Ջիվանին: Մի քանի տարի հանդես է եկել պապիկի հետ մի շարք երկրներում: Ավագ Գասպարյանի հետ «Գլադիատոր» ֆիլմում կատարել է դուետներ:
2008թ. մասնակցել է պապիկի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը, կատարել է դուդուկի տրիո: 2008թ. Լոնդոնում մասնակցել է Նելսոն Մանդելայի 90-ամյակի տոնակատարությանը: 2009թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգով, որտեղ արժանացել է արքայազն Չարլզի ուշադրությանը: 2009թ. Աբու Դաբիում մասնակցել է «Womad» փառատոնին:
Կատարումներ է ունեցել Զուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշիկովի, Ալան Փերսոնս Փրոջեքթի, Պլանետ Իքսի, Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ: 2011թ. մասնակցել է միջազգային փառատոնի, որին մասնակցում էին ավելի քան 300 մասնակիցներ 51 տարբեր երկրներից, նրա կատարումը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին:2011թ. դուդուկի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի և ոսկե մեդալի: Գասպարյանը ձայնագրել և թողարկել է մի շարք սոլո սկավառակներ.նրա անզուգական կատարումները հնչում են 50-60 տարբեր արտիստների սկավառակներում:
Այս պահին էլ Ջիվան Գասպարյան կրտսերն աշխատում է նոր ալբոմի վրա, մշակում ինքնատիպ ծրագիր:
Մամուլի հաղորդագրություն