Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ազատագրման խորհուրդը փաստորեն աղճատվում է և զետեղվում ռուսական կայսերականության գերազանցությունը հավաստող խորհրդանիշների համատեքստում. «Սասնա ծռեր»

Մայիս 08,2019 10:57

Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական թատերաբեմում Նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի հաջորդ օրը՝ մայիսի 9-ը, որպես իր համար Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օր նշող Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին ձևավորել է գաղութատիրական նկրտումներ ունեցող մի ավանդույթ, որի շրջանակներում օտարերկրյա պետությունների տարածքներում կազմակերպում է Ռուսական կայսրապետականության խորհրդանիշ համարվող Գեորգիևյան ժապավեների կիրառմամբ միջոցառումներ, որոնցից հատկապես աչքի է ընկնում այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթը:

Ցավոք սրտի, այս ամոթալի երևույթը նույնիսկ պետական մակարդակով ընդունվում և կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:

Արդեն ականատես ենք լինում, որ ՀՀ կառավարության անդամներից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակավ հանդես է գալիս Գեորգիևյան ժապավենը կրծքին փակցրած խրոխտ կեցվածքով:

Բացի այդ՝ մամուլում հրապարակված լուրերից տեղեկանում ենք, որ այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթին պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և որ դրա ժամանակ նախատեսվում է կրել նաև 1988-1994 թթ. ազատագրական պատերազմի և 2016 թ. Քառօրյա պատերազմի հերոսների՝ Գեորգիևյան ժապավեններով երիզված դիմանկարներ:

Մամուլից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ իրավապահների հետ միասին Մայիսի 9-ի միջոցառումների ընթացքում իրավակարգի ապահովման նպատակով գործառելու են նաև ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, մինչդեռ ՀՀ տարածքում դրանց առկայությունը, գործառույթներն ու իրավասությունը սահմանված չէ ՀՀ և ՌԴ միջև կնքված որևէ պայմանագրով, ուստի դրանց գործառումն ապօրինի է:

Շատ ամոթալի և ցավալի է, որ Մայիսի 9-ի՝ մեզ համար Հայրենիքի վերատիրացման մեկնարկի սրբազան նշանակություն ունեցող Շուշիի ազատագրման խորհուրդը փաստորեն աղճատվում է և, որպես մասնակի մի երևույթ, զետեղվում է ռուսական կայսերականության գերազանցությունը հավաստող խորհրդանիշների և միջոցառումների համատեքստում:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների թողտվությամբ և մասնակցությամբ ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող այս դրսևորումները և մեր ժողովրդին կոչ ենք անում մերժել դրանք:

«Սասնա ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031