Եղվարդի խճուղին, որով ես անցնում եմ օրական առնվազն երկու անգամ, վերջին երկու ամսում դարձել էր գրեթե անանցանելի: Անգամ ամենահմուտ վարորդները չէին կարող շրջանցել խճուղու բոլոր փոսերը եւ վտանգի չենթարկել իրենց մեքենաները: Երեկ այդ փոսերը վերջապես ծածկեցին ժամանակավոր «կարերով», որոնք կդիմանան լավագույն դեպքում մինչեւ աշուն:
Այդպես էին անում նաեւ նախկինում, որի արդյունքում ճանապարհները վերածվել են անհարթ կարկատանների մի համակարգի: Երբ խոսում ես այս եւ նման իրողությունների մասին՝ պարզապես արձանագրելով՝ առանց հեռու գնացող քաղաքական ընդհանրացումների, դրա ֆեյսբուքյան արձագանքը չափազանց կանխատեսելի է. «Բա ի՞նչ էիք ուզում: ՀՀԿ-ն 30 տարի երկիրը թալանել է, ամբողջ ասֆալտը կերել է, հիմա ուզում եք, որ մի քանի ամսում նորմալ ճանապարհնե՞ր ունենաք»: Վիրտուալ այս արձագանքն արդեն այսօր հակասության մեջ է մտնում վարորդների իրական արձագանքի հետ՝ մարդիկ թերեւս մեծ մասամբ ՀՀԿ-ի մասին նույն կարծիքի են, բայց «30 տարվա թալանը» «մեղմացուցիչ հանգամանք» չեն համարում եւ այսօրվա կառավարության հանդեպ նույն ներողամտությունը չեն ցուցաբերում: (Ի դեպ, վիրտուալ տարածքում «մեղմացուցիչ փաստարկներ» փնտրողներն ամենեւին էլ լավություն չեն անում ներկայիս իշխանությանը՝ ճիշտ հակառակը):
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ այն մասին, թե որքան է այս մեկ տարում ամեն ինչ լավացել: Վստահ եմ, որ նրանք, ովքեր այս կամ այն ձեւով կապված են ՀՀԿ-ի հետ եւ նախորդ դարաշրջանում օգտվել են իշխանության բարիքներից, կարող են ներկայացնել 100 փաստ այն մասին, թե որքան է այս նույն ժամանակահատվածում ամեն ինչ վատացել: Բայց Հայաստանում կան քաղաքացիներ, որոնք մի կողմից վարակված չեն հեղափոխական ռոմանտիկայով եւ նախկինների հանդեպ ատելությամբ, եւ մյուս կողմից բարիքներից զրկված «աբիժնիկներ» չեն՝ ահա այդ քաղաքացիները, որոնց ձայնն այնքան էլ բարձր չի հնչում, ունեն փաստեր, որ այս մեկ տարում քիչ բան է փոխվել:
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ մի քանի կարեւոր բան, այնուամենայնիվ, փոխվել է դրական առումով: Փոխվել է վարչապետը՝ նա այսօր վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, փոխվել է Ազգային ժողովը՝ այն ընտրվել է արդար, ոչ մեկի մոտ կասկածներ չառաջացնող ընտրությունների միջոցով: Որպես այդ երկու փոփոխությունների հետեւանք, մեծացել են հասարակության, նաեւ լրատվամիջոցների՝ իշխանությունը վերահսկելու հնարավորությունները: Այդ ամենը հսկայական ներուժ է՝ մնացած իրողությունները նույնպես փոխելու առումով: Այդ ներուժը, սակայն, բազմաթիվ պատճառներով, օգտագործվում է ոչ բավարար չափով:
Իմ կարծիքով, չեն փոխվել ոչ միայն ճանապարհները: Չեն փոխվել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները, ՀՔԾ-ն եւ բազմաթիվ այլ պետական կառույցներ: Չի փոխվել նաեւ իշխանության փառաբանումը՝ չնայած փոխվել են դրդապատճառները: Առաջ փառաբանում էին՝ պաշտոն կամ բիզնեսում «պրախոդ» ունենալու համար: Հիմա փառաբանում են… որովհետեւ սիրում են: Դրանից փառաբանությունը պակաս «թունավոր» չի դառնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմավարական ծրագրեր են պետք, որոնք մեկ սերունդով չես իրականացնի, մի քանի սերունդներ են պետք, որ նույն ծրագրերը հերոսաբար ու հետեւողականորեն իրագործեն, որ հարյուրամյակների ու հազարամյակների ընթացքում այդ ծրագրերի արդյունքները ծառայեն մեր ազգին: Կա չորս բնագավառ, որտեղ ազգն ամբողջությամբ պետք է ներգրավվի՝ անկախ տարիքից ու սեռից, միակ չափանիշը՝ մարդն իրեն հայ պետք է զգա, դրանք են ուժային, քաղաքական, տնտեսական ու դրամական բնագավառները, ուրեմն՝ պետք են ծրագրեր, որոնք միաժամանակ ներառում են այս չորս բնագավառները եւ այնպիսի խնդիրներ մեր առջեւ պետք է դնենք, որ դրանց լուծման համար հումքն ու պահեստամասերը լինեն սեփական իշխանության ներքո: Եթե որեւէ հումք չունենք, պետք է գրավել այն ժողովուրդների տարածքները, ովքեր ունեն այդ հումքը, իսկ տեղական ժողովուրդներին առաջարկել մեր մոտ գործող օրենքները, որոնք նույնքան դրական կազդեն նրանց ազգային արժեքների զարգացման վրա, որքան եւ մեր վրա են ազդում: Ինչպես համակարգիչները հեղափոխություն արեցին բոլոր բնագավառներում, այնպես էլ մտածող սարքերը հեղափոխություն կանեն բոլոր բնագավառներում մոտ ապագայում, մեզ առաջին հերթին մեր սեփական մտածող սարքերն են պետք, որ նրանց միջոցով իրագործենք մեր ռազմավարական ծրագրերը: Ինչպես միշտ, հիմնական իրագործող ուժերը մեր երիտասարդությունն է, իսկ մեծերն ու փոքրերը թող նայեն նրանց ու հպարտանան ու ուժերի չափով օգտակար լինեն: