ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հորդորին Ալիեւը պատասխանում է՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններով
Ադրբեջանում մայիսի 1-3-ը տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» անվանմամբ զորավարժությունների նպատակն էր՝ համակարգել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը:
Ինչպես հաղորդել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված էր շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկա, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկա, շուրջ քսան ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային համալիրներ։ Թուրքական կողմի վարժանքների ղեկավար Մուրադ Դիրիքի խոսքով՝ թուրքական բանակից մասնակցում էր նաեւ 85 զինվորականներից կազմված մոտոհրաձգային ջոկատը:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ֆոնին Ադրբեջանը նշում էր Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ համագործակցության 25-ամյակը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը միացել է ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին 1994թ. մայիսի 4-ին, երբ դեռ Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր։
Կարդացեք նաև
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել էր, թե Բաքուն մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, եւ այդ ուղղությունը ադրբեջանական զինված ուժերի առաջնահերթություններից է:
Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ թույլ է տալիս արդյունավետ բարեփոխումներ իրականացնել ադրբեջանական զինված ուժերում: «Մենք գիտակցում ենք, որ գլոբալացման դարաշրջանում ցանկացած հակամարտություն կամ առճակատում անխուսափելիորեն ազդում է այլ երկրների վրա: Հանուն Եվրատլանտյան տարածքում խաղաղության եւ անվտանգության՝ Ադրբեջանը կշարունակի գործընկերությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», – նշվել էր պաշտպանության նախարարի տարածած հայտարարությունում: Զաքիր Հասանովը նաեւ ընդգծել է. «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի վճռական դիրքորոշումն արժանի է գովասանքի»:
Ադրբեջանի հետ համագործակցությունը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը՝ ակնկալելով երկկողմ ռազմական համագործակցության խորացում, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի օդուժի գլխավոր մարշալ Սթյուարթ Փիչը։ «Այսօր մենք Ադրբեջանի հետ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկ անվտանգության ապահովումից մինչեւ պաշտպանություն եւ անվտանգություն: Մենք ձգտում ենք շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք ընտրել ենք»,- նշել է կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հայաստանի հետ նոր թափով բանակցող Ադրբեջանն, որը երբեմն խոսում է «խաղաղություն» հաստատելու անհրաժեշտության մասին՝ ժամանակ չկորցնելով, մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ խոշոր զորավարժություններն է անցկացնում։
«Ժողովրդին խաղաղության նախապատրաստելու»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հորդորներին Ալիեւը պատասխանում է՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններով։
Առհասարակ, վերջին տարիներին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավելի ու ավելի են ինտենսիվացել, դրանք ոչ միայն ցուցադրական-քարոզչական բնույթ ունեն եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միասնականությունն են ցուցադրում, այլեւ դրանք կոնկրետ նպատակներ հետապնդող վարժանքներ են։ Հարկ է նկատել, որ ադրբեջանցիները Թուրքիայի ռազմակրթական հաստատություններում են ուսանում: Բացի այդ, մտահոգություններ են հնչում թուրք-ադրբեջանական միտումները՝ հատկապես Նախիջեւանի ուղղությամբ կենտրոնանալու:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ վերջին օրերին սահմաններում իրադրության լարվելու միտումներ են զգացվում։
Անցյալ շաբաթվա վերջին Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ ապրիլի 28-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը մայիսի 3-ին արձանագրել էր, որ վերջին շրջանում Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսեւորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն Պաշտպանության բանակի առաջնային դիրքերը, այլեւ մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արեւելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արեւելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց», – ասված էր հաղորդագրությունում:
Արցախի ռազմական գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն էր հրավիրել վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 07.05.2019