Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանությունը ողջամիտ է, պետք է գնա հարկային եւ ունեցվածքային համաներման ուղիով»

Մայիս 08,2019 13:30

Օրերս տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասուլիսին հայտարարել էր՝ «Մենք ունենք արտահանման չօգտագործված մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ տարածքում»: Իսկ այս կառավարության մեկ տարում տնտեսական հեղափոխության ձեռքբերումներից նախարարը նշել է՝ հավասար մրցակցությունը, ցանկացած շուկա ցանկացած գործարարի ազատ մուտքը, համակարգային կոռուպցիայի բացակայությունը: Իսկ այս ձեռքբերման արդյունքը նախարարը նշեց՝ 6,5% տնտեսական ակտիվությունը:

Սակայն, տնտեսագետները կարծում են՝ կառավարությունը պետք է խոստովանի, որ դեռեւս մենաշնորհներ կան:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է՝ «Միամտություն կլինի կարծել, որ շուկաների «արքաները»՝ ներկրողներն, արտադրողներն այդպես հեշտությամբ կզիջեն իրենց արտոնյալ կամ մենաշնորհային դիրքերն ու գերաշահույթները: Միամտություն կլինի ասել, որ խոշոր ներկրողները չեն «կլոնավորել» իրենց բիզնեսները այլ ընկերությունների անուններով եւ շարունակում են նույն հետագիծը: Բայց շուկաների ազատականացման, մրցակցային կամ մրցակցայնության մակարդակի չափանիշն այդ գերշահույթները ինստիտուցիոնալիզացնելն է մրցակցության միջոցով, որն ի վերջո բերում է այդ շահույթների մակարդակի իջեցմանը»:

Արդյոք մեր երկրի տնտեսությունում իրապես հեղափոխություններ են լինում, «Առավոտ»-ի այս հարցին ի պատասխան տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է՝ «Իրականում այն մոտեցումները, որոնք որդեգրել է կառավարությունը՝ չաջակցել մենաշնորհներին, շուկայում քվոտավորումից հրաժարվել, դրանք տնտեսական հեղափոխություններն են: Խնդիրն այն է, թե որքանով ենք պատրաստ, մեկը՝ օբյեկտիվ պատճառն է՝ շատերը պատրաստ չեն մտնել մենաշնորհային շուկա: Սուբյկետիվ պատճառը՝ ասենք՝ այդ նույն մաքսավորն արդյոք փոխվե՞լ է, կաշառք չի վերցնում, տնտեսական հեղափոխության մոտեցումներն իր համար արժեք դարձե՞լ են: Համոզված չեմ, ակնկալիք էլ չունեի, որ միանգամից կփոխվեին: Մի խնդիր էլ կա՝ սպասումների ժամանակն է երկարում, սա գործարարին բավականին անհարմար վիճակի մեջ է դրել եւ այս առումով, երբ հարցադրում են անում, որ ներդրումներ չկան, բոլորս այդ սպասումների մեջ ենք»:

Պարոն Խաչատրյանը հիշեցնում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին, որը երկար տարիներ շաքարավազի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել. «Ես համոզված եմ, որ Սամվել Ալեքսանյանը շատ «ճարպիկ» մարդ է, եւ ինքն օգտվում է օրենքի հնարավորություններից, որովհետեւ այդ օրենքը ժամանակին գրվել է հենց իրենց համար»: Տնտեսագետը նշում է՝ այսօր համակարգային կոռուպցիա չկա, եւ երբ քաղաքացին շփվում է պետական կառույցի հետ եւ փոփոխություն տեսնում, դա մի բան է, բայց երբ խանութ է մտնում, առեւտուր անում, եւ տեսնում ոչինչ չի էժանացել, մտածում է՝ ոչինչ էլ չի փոխվել:

«Կառավարության անդամները չպետք է խուսափեն ասել՝ մենաշնորհները դեռեւս կան, ուղղակի կա ժամանակի խնդիր, այն մեթոդները, որով պայքարում են մենաշնորհների դեմ, ժամանակ է պահանջում»,-ասում է Խաչատրյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ մեր հարցին ի պատասխան ասում է՝ նախարարի նշած 6,5% տնտեսական ակտիվությունը ցույց չի տալիս, որ հեղափոխական լուրջ փոփոխություններ են եղել տնտեսությունում, հակակոռուպցիոն ոլորտում եւ այլուր. «Առայժմ կան հայտարարություններ, բայց չկա ճանապարհային քարտեզ, չկա ռազմավարություն, թե՝ տնտեսական հեղափոխություն կամ կոռուպցիայի դեմ պայքար ասելով՝ մենք ինչպե՞ս ենք դրան հասնելու: Ես տեսնում եմ, որ կա միայն բարի ցանկություն, եւ չեմ կասկածում, ի տարբերություն նախորդ վարչակարգի, որ իմիտացիայի համար էին անում: Տեսնում եմ, որ այս իշխանությունն իսկապես ուզում է, բայց միգուցե կարողությունների խնդիր կա»:

Հոկտանյանը նախարարի ասածին՝ «արտահանման չօգտագործված մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ տարածքում» թերահավատորեն է մոտենում, նա հիշեցնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Երբ նա դեռ Մոսկվայում չէր, փորձում էր հիմնավորել, թե՝ ինչու Հայաստանը չպետք է լինի Մաքսային միության մեջ: Դժվարանում եմ հասկանալ՝ լինելով անկլավային վիճակում՝ ԵԱՏՄ տեսանկյունից, ինչպե՞ս ենք հզոր արտահանում ունենալու, օրինակ՝ ծով չունենք: Այս անկլավային վիճակում դժվար արտահանումը կտրուկ ավելացնեն»:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ նկատում է՝ հեղափոխոթյունից անցել է 1 տարի, եւ դրականն այն է, որ հաջողվել է ֆինանսական, տնտեսական համակարգերի հավասարակշռությունը պահպանել. «Տնտեսական աճի դինամիկան պահպանվել է, արժույթը չի արժեզրկվել, գնաճային ճնշումներ չունենք: Բյուջետային համակարգում լուրջ ճեղքեր չեն եղել»:

Մարգարյանը նշում է՝ սովորաբար հեղափոխություններին հաջորդում են փլուզումներ, դեւալվացիաներ, արժեզրկումներ, ինչպես եղան Վրաստանում եւ Ուկրաինայում.

«Այս երկրների բացասական փորձերին պետք է ուշադրություն դարձնել, կարծես թե մենք էլ փորձում ենք այդ ճանապարհով գնալ: Նկատի ունեմ հատկապես հակակոռուպցիոն պայքարի վեկտորը, որն ընտրվել է: Խոսքը այսպես ասած՝ մեղավորության կանխավարկածի վրա, առանց դատական վճռի, ակտիվների բռնագանձման նախագծի մասին է: Դա պետք է գուցե կիրառել նրանց նկատմամբ, որոնք խուսափում են արդարադատության առաջ կանգնել կամ ուղղակի բացատրություններ տալ: Մենք հիմա ունենք նախարարներ, որոնք հետախուզման մեջ են, դա վատ է: Բայց այսպիսի հեղափոխությունների ֆոնին անհրաժեշտ է, եթե իշխանությունը ողջամիտ է եւ երկարաժամկետ դիրքավորում ունի քաղաքական այս համակարգում, ապա պետք է գնա օրենքով հարկային եւ ունեցվածքային համաներման տոտալ ծրագրեր իրականացնելու ուղիով»:

Ատոմ Մարգարյանը բերում է վրացական օրինակը, երբ 2003-ին այդ երկրի նախագահ Սաակաշվիլու կաբինետը պայքար սկսեց խոշոր սեփականատերերի դեմ. «Ուժեղ հարձակում էր, տեսանք, որ արդյունքը մեծ չէր: Մեկ տարի հետո Սաակաշվիլին գնաց համաներման օրինագծին, պահանջելով կուտակված հարստության ընդամենը մեկ տոկոսը: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիր, չպետք է ոգեւորվել, թե՝ այ, հիմա Բագրեւանդի եւ Մանումենտի դղյակները ազգայնացնելու են եւ այլն: Իսկ եթե վաղը իրավիճակը փոխվեց եւ այդ սեփականատերը դատարան դիմեն, մինչեւ ՄԻԵԴ, ապա մեծ խնդիրներ են ծագելու»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

07.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031