Շարունակություն
Ամպոտ օրվա ճնշող տխրությունը դանդաղ և աննկատ ծանրանում է սրտիս, ու փոթորկացող հոգիս սանձահարելն աստիճանաբար անկարելի է դառնում: Սփոփում է միայն այն միտքը, որ ծանրաքայլ հուշերս ինձ վերստին իրենց գերին են դարձնում, ինչն ինչ-որ պահ սփոփում և ուրախացնում է. մենք կրկին միասին ենք, ինչպես տասնյակ տարիներ առաջ, երբ դրսում մշուշ էր, ու բարակ անձրև էր մաղում: Երբ նման եղանակին Զեյթունի ուսանողական հանրակացարանի մեր սենյակ էիր մտնում, իսկույն գլխով պատուհանն էիր ցույց տալիս: Երկսենյականոց կացարանում վեցը համագյուղացիներով էինք ապրում, ինչն անհավատալի կարող է թվալ, բայց նեղվածք չէինք զգում, ավելին, անհոգ էինք և ուրախ: Ակնարկդ հասկանալի էր, իսկույն դուրս էինք գնում, ներկայիս Ազատության պողոտայով քայլում էինք քաղաք, Բաղրամյանով բարձրանում Կոմիտասի փողոց ու բռնում մեր հանրակացարան տանող ճանապարհը: Ձյուն լիներ, թե բարակ անձրև, մեր երթուղին անփոփոխ էր: Երբևէ ժամին չէինք նայում, թրջվելուց չէինք վախենում, ոչ ոքի և ոչինչ չէինք նկատում, անգամ հոգնածություն չէինք զգում, մենք էինք ու մեր անտես երազները, որոնց մասին բարձրաձայն մտորում էինք, ինչպես մանկության տարիներին… Մի քանի օր առաջ դարձյալ անձրև էր, որոշեցի նույն երթուղին անցնել, հասա հանրակացարաններ և քեզ հետ, բայց առանց քեզ քայլեցի արդեն անվանափոխված փողոցներով: Ամեն ինչ ասես նույնն էր, ոչինչ չէր փոխվել, մինչդեռ բարակ անձրևը սրտիցս արցունք էր քամում ու քեզ և մեր անթիվ երազները հիշեցնում: Նույն երթուղին անցա լուռ ու անխոս, դարձյալ ոչինչ ու ոչ ոքի չէի նկատում: Սակայն այս անգամ քո բացակա ներկայությունն ինձ սփոփել չկարողացավ. առանց քեզ երազներս փշրվում էին ասֆալտին զարկվող մանրահատիկ անձրևակաթիլների պես, ինչպես մի ակնթարթում փշրվեցին քո` բազում անկատար երազները…
Այդպիսի ամպոտ ու մառախլապատ մի օր, երբ գյուղում էինք և հուշերից կտրվել ու արցախյան գոյամարտը քննարկում էինք տնական գինի վայելելով, մշտաժպիտ Յուրան, ոգևորությամբ խոսելով հայկական ջոկատների հաջողությունների մասին, լուրջ դեմք ընդունելով հանգիստ ասաց.
-Մեր հաղթանակներն առարկայական կդառնան, երբ ինքնապաշտպանական ջոկատները մեկ ընդհանուր հրամանատարության կենթարկվեն, ազգային բանակ կունենանք ետ կվերցնենք Շուշին, այն վերստին Ղարաբաղի մայրաքաղաքը կդառնա, կբացենք Լաչին-Գորիս կյանքի ճանապարհը: Մինչև Շուշին չազատագրենք, Արցախն անկախ չի կարող լինել, իսկ հետո… այնքա~ն գործ կա, իսկ ժամանակը չի շտապում, այլ շտապեցնում է, երազելու ժամանակ էլ չի մնում:
1992 թ, գարունն Արցախից եկող հուսադրող լուրերով սկսվեց: Մարտ ամսին Պաշտպանական կոմիտեի որոշմամբ ջոկատների միավորմամբ ստեղծվեցին կառուցվածքային կազմավորումներ` դասակներ, վաշտեր, գումարտակներ: «Կոմբատ» Յուրան զինակիցների հետ արդեն Քսանվեցի անմատչելի բարձունքների հպարտ տիրակալն էր և Շուշիի վրա գրոհելու ժամկետի մասին հրաման ստանալուց հետո զինակիցների հետ քունն ու դադարը կորցրել էր: Ծանր ու դժվարին փորձություն էր սպասվում: Քսանվեցի դիրքերը Ստեփանակերտի հարավ-արևմտյան մատույցները պաշտպանող ռազմավարական կարևոր հենակետ էր: Այստեղ էին իրենց մարտական առաջին մկրտությունը ստացել բազմաթիվ ջոկատներ ու ազատամարտիկներ: Դիրքերի դերը մեծացավ հատկապես Կրկժանի ազատագրումից հետո, երբ ավելի հաճախակի դարձան ազերիների հետ ընդհարումները, իսկ չափազանց օպերացիայի նախօրյակին Ջանհասան, Քյոսալար և Ղայբալի գյուղերի ուղղությամբ թշնամու գերակշռող ուժերի դեմ մղած ծանր ու հաղթական մարտերն ազատամարտիկներին նոր լիցք էին հաղորդել: Այդ հաջողություններն ավելի էին ոգևորում հաղթանակի ծարավն օր առաջ հագեցնել ցանկացող աշխարհազորայիններին:
Ա. Տեր-Թադևոսյանի գլխավոր հրամանատարությամբ Շուշիի վրա ծրագրված հարձակումն իրականացվելու էր չորս ուղղություններով, որոնց հրամանատարներն էին Վ. Չիթչյանը, Ա. Կարապետյանը, Ս. Բաբայանը և Ս. Օհանյանը: Յուրան հյուսիսարևմտյան ուղղության գլխավոր պահեստազորի հրամանատարն էր` իր ենթակայությամբ կռվի պատրաստ 300 մարտիկներով, պետք է դիրքավորվեին Ջանհասան-Քյոսալար հատվածի մերձակա բարձունքներում, Կրկժանի մոտ, հսկողության տակ պահեին գլխավոր մայրուղին, անտառային արահետներն ու ճանպարհները` թշնամու տեղաշարժ թույլ չտալու համար, խոչընդոտեին հակառակորդի փոխհամաձայնեցված գործողություններին, իսկ անհրաժեշտության դեպքում օգնության հասնեին ուղղություններից որևէ մեկին: Լայնածավալ գրոհից առաջ անհրաժեշտ էր առաջին հերթին իր հրամանատարությամբ գործող ու համալրված ջոկատների մարտունակությունը վերստին ստուգել, մանրամասն բացատրել մարտական գործողության յուրաքանչյուր մասնակցի անելիքը հույժ պատասխանատու հանձնարարությունը կատարելիս, ծանոթացնել դժվարին տեղանքին, քանի որ նորեկները ծանոթ չէին, իսկ գիշերային երթի ժամանակ կարող էին անտառում մոլորվել: Ժամանակը կարճ էր, սպասել չէր կարելի, և քունն ու դադարը կորցրած հրամանատարը գործի անցավ՝ մեկ անգամ ևս զինակիցներին բացատրելով. թե բախտորոշ ու վճռական ինչ գործողության մասնակից են դառնալու: Ապրելու իրենց իրավունքը պաշտպանելու ոտքի կանգնած նվիրյալները մեկ ընդհանուր հրամանատարությամբ գործող ինքնապաշտպանական ուժեր էին, այլևս հախուռն կազմակերպված ջոկատներ չէին և մոռացության պիտի տային անջատողական գործողությունները, միմյանց օգնության ձեռք չմեկնելու դեպքերը: Նրանց առաջ մղողը ոգին էր ու հավատը բաղձալի հաղթանակի հանդեպ, որովհետև վիրավոր, արնաքամ լինող ու տնքացող հայրենի հողի սպասման հիվանդ էր դարձել, նրա հառաչանքները տագնապի ահազանգ էին, որից առյուծասիրտ տղաները ծառս էին լինում:
Հայկական ջոկատների անսպասելի ու լայնածավալ գրոհը հանկարծակիի բերեց ազերիներին, որոնք սկզբում կարծեցին, թե գլխավոր հարվածը Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ է լինելու և վերադասավորում կատարելուն զուգահեռ մեծաթիվ ուժեր տեղափոխեցին այդ հատված: Ամեն ինչ ծրագրվածին համապատասխան էր գնում, մյուս ուղղություններում մեր ջոկատներն առաջ էին շարժվում Թշնամին խայծը կուլ էր տվել: Ս. Օհանյանի հրամանատարությամբ գործող մարտիկները կենաց ու մահու կռիվ էին մղում, սակայն ինչ-որ պահ նրանք երերացին ու նահանջեցին: Ճիշտ ժամանակին նրանց օգնության հասան Յուրան ու զինակիցները: Ուժերն իսկապես անհավասար էին, մինչև ատամները զինված շուրջ հազար ազերիներ գրոհի էին նետվել՝ չհասկանալով, որ իրենց դիմաց կանգնած են բարձունքների տիրակալ իսկական արծիվներ, որոնք այլևս ոչ մի քայլ ետ չէին նահանջելու, քանզի գիտեին, որ գերեվարված անառիկ ամրոց Շուշին իր զավակներին գրկաբաց է ընդունելու: Կատաղի մարտն իր տրամաբանական ավարտին էր մոտենում, երբ հրամանատարական կետից հրաման ստացվեց Շուշիից հեռացող բնակիչների ու զինվորների համար ճանապարհ բացել: Յուրան հերթական մարտն անկորուստ ավարտեց:
Մութն արդեն իր թևերն էր տարածում, երբ հայկական ուժեր բոլոր ուղղություններից Շուշի մտան, ու սկսվեց բացառիկ տոնախմբությունը: Յուրայի համար իսկապես անակնկալ էր Կոմանդոսի հրամանը՝ նրան ազատագրված քաղաքի պարետ նշանակելու մասին, ինչը հիմնավոր պատճառներ ուներ: Հրամանը ստանալուն պես Կոմբատը գործի անցավ, որովհետև նախկինում ազատագրված բնակավայրերի դառը փորձը ցույց էր տվել, որ պղտոր ջրում ձուկ որսացողները ձեռքները ծալած չէին նստելու, անպայման սկսելու էին թալանը: Նախ անհրաժեշտ էր կանխել քաղաքը հրկիզելու քայլերը, որովհետև ինչ-որ խմբեր արդեն սկսել էին իրենց սև գործը, իսկ հետո խիստ հսկողության տակ առնել կարևորագույն հիմնարկ-ձեռնարկություններն ու արդեն անմարդաբնակ դարձած տները: Հեշտ չէր, սակայն անկոտրում կամքի տեր Յուրան գործի անցավ՝ ենթականերին խստորեն կարգադրելով գործել պատերազմական տարիների օրենքներով ու կանխել ցանկացած անօրինականություն: Ամեն ինչ չէր, որ հարթ էր ընթանում: Ինքն անձամբ եղավ քաղաքի բանկում, կարգադրեց իր ներկայությամբ բացել չհրկիզվող պահարանները, հաշվել եղած գումարը, իսկ հետո առկա կանխիկ գումարը՝ ավելի քան 17 միլիոն խորհրդային ռուբլին, պարկերով հանձնեց հրամանատարությանը: Ամիսներ անց, երբ այդ դիպվածի մասին պատմեց, ինքս չհասկացա, թե ինչ միամտություն արեցի:
-Յուրա, բնակարանդ ստացել, բայց նույնիսկ վերանորոգում չես արել, այդ գումարից մի քանի հարյուր հազար ուղարկեիր…,- խոսքս չհասցրեցի ավարտել:
-Ի՞նչ, ինչե՞ր ես դուրս տալիս, ցնդե՛լ ես, ինձ ո՞ւմ տեղն ես դրել, հասկանո՞ւմ ես, թե ի՞նչ ես դուրս տալիս…,- մի ակնթարթում կերպարանափոխվեց նա ու կատաղած նայեց ինձ,- մարտի դաշտում մենք զենքի և զինամթերքի համար խեղճանում ենք, իսկ դու…
Մեղավոր հայացքով նայեցի ընկերոջս, որը երբևիցե ինձ վրա այդպես չէր բարկացել ու այդ աստիճան կատաղությամբ չէր նայել: Դիպվածն արագ մոռացանք:
Յուրայի աչալրջության ու հմուտ քայլերի շնորհիվ կանխվեց ոչ միայն քաղաքի հետագա հրկիզումը, այլև արժեքավոր բազմաթիվ իրեր ու թանգարանային նմուշներ փրկվեցին: Արշակ Բանուկչյանին զենք է տալիս և կարգադրում հսկել թանգարանը, ուր բազմաթիվ արժեքավոր գորգեր և թանգարանային այլ իրեր կային: Անգնահատելի է նաև նրա մասնակցությունը Շուշիի եկեղեցու փրկության գործում: Նա զինակիցներին խոստացել էր, որ անառիկ ամրոցն ազատագրելուն պես նրանց Ղազանչեցոց եկեղեցում մկրտելու է և քավոր է դառնալու, սակայն ինչ-որ պահ ստիպված էր այդ արարողությունը հետաձգել, որովհետև ազերիները սրբավայրը զինապահեստ էին դարձրել, իսկ մի կույր արկը բավական էր, որ հրաշակերտ կոթողն ավերակների վերածվեր: Արկերը դուրս բերելու ամենթունդ պահին հանկարծակի նկատում է դրսում կանգնած Զորի Բալայանին:
-Հերիք է եկեղեցու գեղեցկությամբ հիանաս, քրտինքի մեջ կորած տղաներն արկղերն են դուրս հանում, իսկ կարծես թամաշայի ես եկել, հետո ինչ, որ Զորի Բալայանն ես, ձեռք մեկնիր,- խայթում է Յուրան:
Բալայանը մեղավոր հայացքով նայում է կիսաքուն աչքերով ու գզգզված մազերով Յուրային, ժպտում նրան ու գործի անցնում: Երբ մարտիկներն ասում են, որ բեռնատար մեքենաների կարիք է զգացվում, Յուրան նկատում է հեռվից մոտեցող կենցաղային իրերով լի վեցը բեռնատար մեքենաներին, ճանապարհը փակում է և վարորդներին հրամայում մեքենաները մոտեցնել եկեղեցուն՝ արկերով լի արկղերը բարձելու համար: Վարորդների առարկություն լսելուն զուգահեռ նրա բարկությունը գագաթնակետին:
-Քաղաքի պարետի հրամանը չի քննարկվում, այլապես ձեզ հետ այլ կերպ կվարվեմ, իսկ ձեզ ոչ ոք չի կարող փրկել անխուսափելի պատժից,- գոռում է Յուրան, որից հետո վարորդները ստիպված են լինում ենթարկվել նրա հրամանին, իսկ մի քանի ժամ անց եկեղեցու շուրջ խմբվածները թեթևացած շունչ են քաշում, երբ արկերով բեռված վերջին մեքենան Ստեփանակերտ է մեկնում է սրբավայրի բակից:
…Մայիսի տասներեքին Յուրան շտաբում էր, իսկ նրա հավատարիմ ու անբաժան զինակիցներ Արայիկ Խանդոյանը՝ երջանկահիշատակ Միայնակ Գայլը, և բուժքույր դուրս եկան ազատագրված քաղաք՝ հաղթանակի բերկրանքը վերստին վայելելու: Հպարտորեն քայլում էին դեպի բերդ տանող փողոցով, սակայն ինչ-որ մի անթափանց տխրությամբ էր պարուրված նրանց հոգին, ուրախությունն ասես անտես մշուշով էր պարուրվում, որովհետև շուրջբոլորն ամեն ինչ հիշեցնում էր արյունարբու ազերիներին: Նայեցին միմյանց, ճնշող տխրության գաղտնիքը գտան ու գործի անցան: Քիչ անց Մայիսի անունը կրող փողոցը լցվեց աղմուկով: Միայնակ Գայլին ու Աղավնուն խենթությունն էր պատել, նրանք անխնա կոտրում, փշուր-փշուր էին անում և գետնին թափում ադրբեջաներեն գրված ցուցանակներն ու պաստառները: Հողմաղացների հետ կռիվ տվողներ չէին, այլ թուրքի վերջին հետքերը մաքրողներ: Նրանց արարքին հավանություն տվողները շատ էին, բայց նաև կային տարակուսանքով նայողներ, ովքեր չէին ընկալում ազատամարտիկների արարքի իմաստը: Այդպես հասան մինչև բերդի պարիսպներ, այնուհետև նկատեցին մոտակա դպրոցի բակում տեղադրված ազերի գրող Հուսեյնովի կիսանդրին: Արայիկն ինչ-որ տեղ գնաց ու արագ վերադարձավ «Բելառուս» տրակտորով, կիսանդրին ու պատվանդանը հողին հավասարեցնելուց հետո շտապեցին եկեղեցի՝ մոմավառության, որից հետո թեթևացած սրտով գնացին շտաբ: Երբ ներս մտան, Յուրան մի պահ գլուխը բարձրացրեց, խոժոռ հայացքով նայեց ու նախատեց.
-Ո՞ւր էիք կորել…
-Հույժ կարևոր հանձնարարություն էինք կատարում,- պատասխանեց Միայնակ Գայլը:
-Ի՞նչ,- զարմացավ Յուրան:
-Քաղաքից թրքահոտն էինք վերացնում, շնչել չէր լինում- խոսակցությանը խառնվեց Աղավնին և հակիրճ նկարագրեց, թե ինչ են արել:
Յուրայի աչքերում ուրախության կայծեր հայտնվեցին, հանգիստ մոտեցավ, հարազատորեն գրկեց հավատարիմ ու անդավաճան զինակիցներին և ասաց.
-Աղավնի, դու տիպ ես, ձեր հարցում երբեք չեմ սխալվել, երկու գիժ լավ էլ գտել եք իրար, ի՞նչ խենթություն ասես ձեզանից կարելի է սպասել: Պատրաստվեք, կյանքի առաջին ճանապարհը պիտի բացենք, իսկ հետո երկրորդը նույնպես կբացենք, որպեսզի Արցախն ընդմիշտ միանա Մայր Հայաստանին:
-Կոմբատ, դու տղաներին խոստացել էիր Շուշին գրավելուց հետո նրանց կնքահայրը դառնալ,- Յուրային հիշեցրեց Արայիկը:
-Չեմ մոռացել, Լաչինի ճանապարհը բացելուց հետո խոստումս կկատարեմ,- պատասխանեց Յուրան:
Յուրան ճշտապահ էր և սեփական խոսքի արժեքը գիտեր: Հաջորդ օրն իսկ նրա գլխավորած ջոկատը Եղծահողից շարժեց դեպի Լաչին: Մարտեր մղելով առաջ էին շարժվում, իսկ մայիսի 17-ին Գորիսի Տեղ գյուղի մոտ հայկական ուժերը հանդիպեցին միմյանց ու նշեցին հերթական փառահեղ հաղթանակը:
Մայիսի 20-ի վաղ առավոտյան Յուրան հավատարիմ զինակիցների հետ շտապեց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի: Նախապես հանդիպել և պայմանավորվել էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, խնդրել Գագոյի, Մանվելի եւ Մարատի մկրտության ծիսակարգն անձամբ անցկացնել: Եկեղեցում էին նաև գնդերեց Տեր-Գրիգորը, ֆրանսահայ հիդրոինժեներ Արամ Գալֆայանը, ազատամարտիկներ Աղավնին, Միայնակ Գայլը, Պոնչոն, Մարտիրոսը, Աշոտը, լրագրողներ: Սրբազանի խոսքը արձագանքվում էր գավիթում: Խորհրդավոր լռություն էր իջել, ամենքն էլ լուռ աղոթում էին ու անսքող հպարտությամբ նայում միմյանց: Կնքահայր Յուրան չափազանց հուզված էր, նա դժվարությամբ էր թաքցնում աչքերում ծվարված ուրախության արցունքները և անսքող հպարտությամբ նայում անպարտ զինակիցներին ու խնկաբույր եկեղեցու սրբապատկերներին…
Շարունակելի
ՎԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ