Մագլցել լեռներ, հաղթահարել բարձունքներ, կարողանալ ճիշտ կողմնորոշվել լեռնային վտանգների դեպքում, առաջին բուժօգնության դասընթացներ. այսպիսի հմտություններ են ստանում երեխաները «4 գագաթ» լեռնային ակումբում:
Ակումբում 7-14 տարեկան երեխաները ստանում են հնգամսյա կրթություն անվտանգության, լեռներում վարքագծի և ճիշտ կողմնորոշման վերաբերյալ:
Ակումբի հիմնադիր նախագահ, փաստաբան Նարինե Ճաղարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է զբաղվում լեռնագնացությամբ, և 2015-ի ամռանը Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի հետ զրույցի ընթացքում գաղափար ծնվեց, որ կարելի է երեխաների համար ստեղծել մի ակումբ, որը նվիրված կլինի լեռնագնացության զարգացմանը՝ ներգրավելով նաև երեխաներին. նրանց կրթելու միջոցով նպաստելով լեռնագնացության տարածմանը:
«4 գագաթ» լեռնային ակումբն իր գործունեությունը սկսել է 2016- ի փետրվարից: Հիմնադիր նախագահի տեղեկացմամբ՝ արդեն 71 երեխաներ այս ծրագրի շրջանակում գիտելիքներ են ստացել: Բացի տեսական գիտելիքներից նրանք ամսական երկու անգամ մասնակցում են արշավների: Ակումբի նախագահի տեղեկացմամբ՝ արշավները լինում են լեռնային վերելքների տեսքով. սարեր են բարձրանում, իսկ ձմռանը, ոչ բարենպաստ եղանակներին անցնում են անտառային արահետներով: Հետաքրքրվեցինք՝ երեխայի կրթության և դաստիարակության հարցում ի՞նչ հատկություններ է զարգացնում լեռնագնացությունը, Նարինե Ճաղարյանը պատասխանեց. «Շատ բան է տալիս. ֆիզիկական պատրաստվածություն, առողջ ապրելակերպ, կամքի ձևավորում, դիմացկունություն, թիմային մտածելակերպ: Ունենում ենք նաև բնապահպանության հետ կապված դասեր, կազմակերպում աղբահավաքներ, ինչը նաև նպաստում է երեխաների մոտ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը»:
Հարցին՝ որքանո՞վ է կարևոր լեռնագնացությունը՝ որպես արտադասարանական կրթության ձև, գիտելիքի ձեռքբերման միջոց, Նարինե Ճաղարյանը պատասխանեց. «Այստեղ ամրապնդվում են դպրոցում ստացած գիտելիքները: Հաճախ լեռնագնացության ընթացքում նրանք երեխաներն ասում են, որ այս կամ այն գիտելիքը ստացել են աշխարհագրության, հայոց պատմության դասի ընթացքում: Լուծվում է նաև բնապահպանական կրթության հարցը, որը հաստատ դպրոցը չի տալիս, սովորում են հայրենաճանաչություն, և ինչքան ճանաչում են, այնքան ավելի շատ են սկսում սիրել հայրենիքն ու բնությունը: Այդ սերը երևի թե դպրոցը տեսական տալիս է, բայց ավելի ամրապնդվում է մեզ մոտ: Նաև լեռնագնացությունը նպաստում է երեխայի ֆիզիկական պատրաստվածությանը: Օրինակ՝ 15 կմ քայլելը հաստատ ավելին է տալիս, քան մեկ ֆիզկուլտուրայի դասը»:
Նշենք, որ «4 գագաթ» լեռնային ակումբում հունիսից կձևավորվի նոր խումբ, որում ընդգրկվել ցանկացող երեխաները կանցնեն հնգամսյա դասընթացներ և կմասնակցեն լեռնագնացության արշավների:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «4 գագաթ» լեռնային ակումբի ֆեյսբուքյան էջից