Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Լիդիանը ձեռք է բերել ջերմուկցիների անձնական տվյալներն ապօրինի ճանապարհով

Մայիս 07,2019 22:45

2019 թվականի մայիսի 2-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածել է «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերնագրով հայտարարությունը: Այս չափազանց խնդրահարույց հայտարարությունը պարունակում է տեղեկատվության մանիպուլացում, ինչպես նաև հարուցում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասին կասկածներ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում շեշտել մի քանի կարևոր կետեր, որոնք վերհանվել են նաև Ամուլսարի պահապանների՝ մայիսի 4-ի տեսաուղերձում:

2018թ. աշնանը Ջերմուկ խոշորացված համայնքում կազմվել է «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագիր, որին միացել են համայնքի շուրջ 3000 անդամներ: 2018թ. դեկտեմբերին հանրագիրը ներկայացվել է համայնքի ղեկավարին ու ավագանուն, ինչպես նաև ՀՀ կառավարությանը: «Հանրագրերի մասին ՀՀ օրենքի» 10-րդ հոդվածի համաձայն՝ Ջերմուկի ավագանին մեկ ամսվա ընթացքում քննարկման է դրել այդ հարցն ու իր համաձայնությունը հայտնել հանրագրում ներկայացված պահանջներին: Իսկ ՀՀ կառավարությունը, խախտելով «Հանրագրերի մասին ՀՀ օրենքը», մինչև օրս պաշտոնապես չի պատասխանել հանրագրին:

Վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հանրագիրը կարող է հրապարակվել, եթե կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցները ներկայացրել են այն հրապարակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Ջերմուկցիների հանրագրի պարագայում ոչ բոլոր մասնակիցներն են համաձայնել հանրագրի հրապարակմանը: Հանրագիրը ստացած վերոնշյալ հասցեատերերից ոչ մեկը հանրագիրն ու նրա մասնակիցների անունները չի հրապարակել: Հանրագրի փաստաթղթերում օրենքի պահանջով առկա են ստորագրողների անձնական տվյալներ՝ հասցեներ ու հեռախոսահամարներ, որոնք երրորդ անձանց փոխանցելն իրավաչափ չէ:

Այնուամենայնիվ, Լիդիանի հայտարարությունից լրիվ այլ բան է երևում։ Եթե նրանց հրապարակումը հիմնված չէ կեղծ տվյալների վրա, ապա ակնհայտ է, որ մասնավոր ընկերության, ընդ որում, այս հարցում շահագրգիռ ընկերության ձեռքում են հայտնվել մարդկանց անձնական, ոչ հրապարակային տվյալներ: Այս պարագայում մեր բարձրացրած գլխավոր հարցն է, թե որտեղի՞ց է Լիդիան Արմենիան տիրապետում իր հրապարակած տեղեկություններին և արդյո՞ք դրանք ստացել է օրինական ճանապարհով:

Ինչ վերաբերում է հայտարարության բուն բովանդակությանը․

1․ Լիդիանի հայտարարության մեջ նշվում է, որ հանրագրի ստորագրությունների թիվը ոչ թե շուրջ 3000 է, այլ 2654: Հայտարարում ենք, որ ստորագրությունների թիվը 2919 է, և դրանց կրկնօրինակները պահպանվում են հանրագիրը նախաձեռնող խմբի մոտ ինչպես տպագիր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակներով: Չնայած բնակչության իրական թվաքանակի ուռճացված պաշտոնական տվյալների առկայությանը՝ հայտնում ենք, որ այս թիվը Ջերմուկ համայնքում փաստացի բնակվողների 80%-ից ավելին է։ Հանրագրին միացել են նաև այլ քաղաքներում ժամանակավորապես բնակվող Ջերմուկ համայնքի անդամներ:

2․ Ընկերությունը նշում է, թե առկա են Հերհեր ու Կարմրաշեն գյուղերի բնակիչների ստորագրություններ, որոնք Ամուլսարի ծրագրով ազդակիր համայնքներ չեն ճանաչված: Իրավական առումով այս անգրագետ հայտարարության վերաբերյալ պետք է ասել, որ հանրագիրը Ջերմուկ խոշորացված համայնքի անդամների անունից է, վերաբերում է ընդհանրապես մետաղական հանքարդյունաբերության արգելմանը և ուղղված է իրենց ՏԻՄ-ին ու ՀՀ Կառավարությանը: Ամուլսարի ոսկու ծրագրի ազդակիր ճանաչված լինելը կամ չլինելը որևէ դերակատարություն այստեղ չունի: Իսկ Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ են մտնում Ջերմուկ քաղաքը, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը:

3․ Առկա են անչափահասների ստորագրություններ: Հանրագրերի մասին օրենքի համաձայն 14 տարեկանից բարձր անձինք կարող են հանրագիր ներկայացնել առանց օրինական ներկայացուցչի (հոդված 5, կետ 2), ուստի այո, հանրագրին միացել են նաև 14 տարեկան և բարձր անչափահասներ: Սակայն հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Լիդիան ընկերությունը տիրապետում այս տվյալներին և անչափահասների թվին, եթե հանրագրի ֆորմատում մարդկանց ծննդյան թվերը ոչ մի տեղ նշված չեն: Նշանակում է՝ ընկերությունը ոչ միայն ձեռք է բերել մարդկանց անուններն ու հասցեները, այլև փորձել է հետաքննել նրանց ինքնությունները, հայտնի չէ՝ ինչ ճանապարհով, հակառակ դեպքում անչափահասների մասին թիվը օդից վերցված թիվ է:

4․ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, թե ինչ են ստորագրել: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Լիդիան ընկերությունը հանգել այս եզրակացությանը, երբ հանրագրի յուրաքանչյուր թերթիկում կա գլխագիր, թե ինչի մասին է այն, և յուրաքանչյուր ստորագրող ոչ միայն իրազեկվել է բանավոր, այլև կարդացել է իր կողմից ստորագրվող թերթիկը: Արդյո՞ք Լիդիանը կապ է հաստատել հանրագիրը ստորագրած անձանց հետ։ Եթե այո, ինչպե՞ս է ընկերությունը դա արել, եթե հայտնի է, որ ընկերությունը չի անցկացրել հանրագրի հավաքագրման գործընթացին նման գործընթաց, երբ ստորագրահավաք իրականացնողները շրջել են տուն առ տուն, բացատրել հանրագրի նպատակը, ստացել բնակիչների ստորագրությունները։ Կարելի է ուրեմն ենթադրել, որ մարդկանց անձնական տվյալները՝ հավանաբար ապօրինի կերպով ձեռք բերելուց հետո, նրանք սկսել են զանգահարել թերթիկներում առկա հեռախոսահամարներով։ Եթե նման բան է կատարվել, ապա դա մասնավոր ընկերության կողմից ապօրինաբար մարդկանց հետապնդելու փորձ է։ Եթե ոչ, ուրեմն ընկերությունը պարզապես տարածել է կեղծ տեղեկատվություն, թե մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է ստորագրում։

Խնդրում ենք ՀՀ իրավապահ մարմիններին դիտարկել այս հայտարարությունը որպես ահազանգ առերևույթ հանցագործության մասին և պարզել, թե ի՞նչ ճանապարհով է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ձեռք բերել հանրագիրը ստորագրողների անձնական տվյալները: Եթե ընկերության մայիսի 2-ի հայտարարությունը հիմնված չէ հանրագրի թերթիկների ձեռքբերման վրա, ապա պատասխանատվության ենթարկել կեղծ տեղեկություններ հրապարակելու և Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։

Բոլոր անձանց, ում նկատմամբ ճնշումներ են գործադրվել ընկերության կողմից իրենց կամքն ու կարծիքն ազատ արտահայտելու համար, խնդրում ենք կապվել մեզ հետ կամ այլ եղանակներով բարձրաձայնել այդ մասին:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031