Արտաքուստ շատ անմեղ ու միայն երեխաներին բռնությունից զերծ պահելու ու պաշտպանելու նպատակով հրապարակված ու արդեն աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքի վերջաբանում հեղինակները մի քանի կայքեր են նշել, դրանցից մեկից ընթերցողները, իսկ այն նախատեսված է 3-6 տարեկան երեխաների ու նրանց ծնողների համար, կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն երեխայի սեռականության՝ սեռատարիքային առանձնահատկությունների, հիգիենայի, սեռական հասունացման եւ այլ թեմաների մասին:
Նշված կայքերից մեկում՝ serakanutyun.org-ում, 3-6 տարեկան երեխաները կարող են սովորել, որ ձեռնաշարժությունը շատ նորմալ երեւույթ է, այն շեղում կամ հիվանդություն չէ, միայն չի կարելի ուրիշների ներկայությամբ դրանով զբաղվել, իսկ առանձին վայրում՝ ինչքան ուզես կարելի է:
«Իմ մարմինն անձնական է» գրքի հեղինակների ուղղորդած այդ կայքում բավականին մանրամասն տեղեկություններ կան սեռական կողմնորոշման մասին, որ սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն է, ինտիմ և սեռական հարաբերությունները կամ դրանց ցանկությունն է այլ անհատի նկատմամբ: Նշված են նաեւ սեռական կողմնորոշման տեսակները ու բացատրվում է, թե ինչ ասել է Տարասեռական կամ հետերոսեքսուալ, Նույնասեռական կամ հոմոսեքսուալ, Երկսեռական կամ բիսեքսուալ, անսեռական կամ ասեքսուալ:
Կայքում նշվում է նաեւ, որ երեխայի սեռական կողմնորոշման վրա չի ազդում ոչ դաստիարակության ձեւն ու ոճը , ոչ հագուստը, ոչ էլ՝ բռնությունը… իսկ ծնողներին խորհուրդ է տրվում, որ այն դեպքերում, երբ օրինակ երեխան խոստովանի իր սեռական կողմնորոշման մասին, պետք է ոչ թե քննադատել, այլ միայն աջակցել.
«Երբ Ձեր երեխան պատմի իր կողմնորոշման մասին, ինչքան էլ դժվար լինի Ձեզ ընդունել դա, քննադատելու փոխարեն աջակցեք, գրկեք Ձեր երեխային: Նա, առավել քան երբևէ, Ձեր հոգատարության կարիքն ունի: Դուք կարող եք շոկ ապրել, փորձել հերքել լսածը, մեղքի զգացում ունենալ կամ տառապել: Այդ բոլոր ապրումները հասկանալի են, քանի որ Ձեր երեխան հասարակության համար անընդունելի վարքագիծ է ցուցաբերել: Ընդունե’ք Ձեր հույզերն ու հիշե’ք, որ Ձեր երեխան նույնն է, ինչ Ձեր զրույցից առաջ:
Փորձել բժշկի կամ հոգեբանի մոտ աջակցություն գտնել՝ «բուժելու» համար անիմաստ է, քանի որ կողմնորոշումը հիվանդություն չէ, այլ սեռականության արտահայտման մի մաս»,- նշված է կայքում:
Այս կայքում մանրամասն տեղեկություններ կան նաեւ սեռական հարաբերության, սեռավարակների ու հակաբեղմնավորիչների մասին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ուֆ, վերջապէս…
սակայն մասնակի, եւ դեռ որոշ չափով բարիացակամ կերպով էք ներկայացնում այդ կայքէջի բովանդակութեան զարհուրելի բաժինները…
գրքոյկը պատրուակ մըն էր… ամենանուազ քննադատելի նիւթը մէջտեղ հանեցին, մնացեալը տարածելու համար
անգամ մը եւս ընդգծենք որ նախարար մը զօրակցում է այս շարժումին
սոսկալի յարձակումի տակ էք, եւ դեռ շատ դանդաղօրէն էք զարթնում…