Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե քաղաքական ենթատեքստ լիներ, Արցախի նախագահները կդիմեին ՀՀ քաղաքական ղեկավարությանը, այլ ոչ թե իրավապահ մարմիններին». Թագուհի Թովմասյան

Մայիս 07,2019 20:25

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել՝ երաշխավորելով նրա համար:

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս առնչությամբ հարցին, թե ի՞նչ քաղաքական ենթատեքստ ունի սա՝ պատասխանեց. «Կարծում եմ, քաղաքական ենթատեքստ չկա այն իմաստով, որ Արցախի հանրապետության երկու նախագահները Արցախի հանրապետության նախկին նախագահի համար փորձում են երաշխավորել եւ սա, կարծում եմ, պետք է դիտարկել կոլեգիալության տեսանկյունից, ուղղակի մարդիկ գործընկերային համերաշխություն են ցուցաբերում՝ իրենց երաշխավորությամբ»:

Տիկին Թովմասյանը հույս հայտնեց, որ վաղը, երբ գլխավոր դատախազը Ազգային ժողով գա, անձամբ իրենից կկարողանան պատասխան ակնկալել՝ ընդառաջելո՞ւ է եւ ընդունելո՞ւ է երաշխավորության այդ դիմումը, թե՞ ոչ:

Հարցին՝ դիմումում նախագահները շեշտում են այն հանգամանքը, որ երեք ղեկավարներով կուզենային մայիսի 9-ին միասին լինել, նշել, բայց նախկինում միշտ չէ, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել Ղարաբաղում մայիսյան միջոցառումներին, հետեւաբար անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ անպայման Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ եւ այդ օրը լինի այնտեղ՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Եթե ես անհրաժեշտություն տեսնեի, երեւի ես կդիմեի երաշխավորության հարցով: Թերեւս անհրաժեշտությունը տեսել են նախագահները»:

Հարցրեցինք՝ ամեն դեպքում այստեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չե՞ք տեսնում, չէ՞ որ նախագահներն իրենք քաղաքական  մարդիկ են եւ իրենց արարքում քաղաքականություն կա՝ նա պատասխանեց. «Եթե քաղաքական ենթատեքստ փորձեի գտնել կամ քաղաքական հարթության մեջ հարցը դիտարկել, երեւի թե իրենք էլ հարցն այդպես չեն դիտարկել, այլապես կդիմեին քաղաքական ղեկավարությանը, այլ ոչ թե Հայաստանի իրավապահ մարմիններին»:

Հետաքրքրվեցինք՝ դուք անձամբ կուզենայի՞ք Քոչարյանին ազատության մեջ տեսնել՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես իմ անձնական տեսակետը աշխատում եմ գոնե քաղաքական հարցերի վերաբերյալ չխառնել, որովհետեւ դրանք քաղաքական տեսակետներ են»:

Մեր դիտարկմանը, որ դուք քաղաքական մարմնի ներկայացուցիչ եք՝ իշխող ուժից նա արձագանքեց. «Բայց քաղաքական տեսակետ չեմ ուզում հայտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031