2016 թվականին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստն այսօր շատ կարճ է տեւել: Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ այսօր քննարկվել է միայն պաշտպանական կողմի միջնորդությամբ վկաների հարցաքննության հարցը. «Դատարանը որոշում կայացրեց, որ պաշտպանական կողմի միջնորդած վկաները հրավիրվեն հարցաքննության, հաջորդ նիստը տեղի կունենա երկու շաբաթից, հրավիրվեցին Լեւոն Բարսեղյանն ու Եղիշե Պետրոսյանը, նրանցից բացի կա եւս 11 վկա, որոնք հաջորդաբար կհրավիրվեն դատարան»:
Կարեն Մեժլումյանի խոսքով, հասել են դատաքննության այն փուլին, երբ կարող են մեղադրանքի կողմի, շատ դեպքերում, սուտ ցուցմունք տվող անձանց հակադրել իրենց կողմի վկաներին, որոնք դեպքի վայրում են եղել, ամեն ինչ տեսել են ու սուտ ցուցմունք տալու խնդիր չունեն: Անդրիաս Ղուկասյանի պաշտպանն այսօր նաեւ դատարանին միջնորդել է տեսակապի միջոցով հարցաքննել «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանին, նա Հայաստանում չէ, բայց պատրաստակամ է ցուցմունք տալ, սակայն դատարանը մերժել է պաշտպանական կողմի այդ միջնորդությունը. «Առարկեցինք՝ գտնելով, որ մեր պաշտպանական իրավունքը խախտվում է, դատարանը նաեւ հրաժարվեց հրապարակել Արմեն Մարտիրոսյանի նախաքննական ցուցմունքը, նա նախաքննության ժամանակ հարցաքննվել էր մեր միջնորդությամբ ու թեեւ որպես մեղադրյալ հրաժարվել էր ցուցմունք տալ, բայց Անդրիաս Ղուկասյանի պաշտպանության համար միջնորդել էինք ու նա ցուցմունք տվել էր»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ