Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական էջում Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունների մեծ մասը վերաբերում է գինեկոլոգի մասնագիտությանը։
Աշխատանքի են հրավիրում էխոսկոպիստ-գինեկոլոգի՝ 150 հազար դրամ աշխատավարձով, կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի՝ 130 հազար դրամով, հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգի /վիրահատող/՝ դարձյալ 130 հազար դրամով, էխոսկոպիստի /պտղի դոպլեր հետազոտության լիցենզիայով/։
Aravot.am-ը Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հրաժարվում են Արթիկում աշխատելուց։
«Նախ այդ 130 հազարի փոխարեն պետք է լիներ առնվազն 250-300 հազար դրամ։ Մեր մարզում մասնագետներ չկան, ո՞վ կգա մեր մարզ աշխատելու, երբ մայրաքաղաքում ասենք էխոսկոպիստ-գինեկոլոգի միջին աշխատավարձը 300-700 հազար դրամ է, իսկ Արթիկ պիտի գան, տուն վարձեն, լրացուցիչ ծախսեր անեն, չհաշված չնչին աշխատավարձը։ Շիրակում էխոսկոպիստներ էլ չունենք։
Կարդացեք նաև
Պետության միջամտությունը այս հարցում կլինի այն, եթե տարբերակված դրույքաչափեր սահմանի Երևան քաղաքի ու ասենք Զանգեզուրի, Երևանի ու Արթիկի, Գյումրու միջև։ Մասնագետներին շահագրգռող միակ միջոցը, որ գան մարզերում աշխատեն, հենց ֆինանսը պետք է լինի, բարձր աշխատավարձը, որ մտածեն՝ գնանք մի քանի տարի աշխատենք, նորմալ աշխատավարձ ստանանք, այլապես այս խնդրին միշտ էլ բախվելու ենք։ Օրինակ՝ մեր մարզում նեոնատոլոգ՝ նորածինների մանկաբույժ ընդհանրապես չունենք», -ասում է Ֆելիքս Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ