«Դե ֆակտո, այո՛, այն կա, բայց ինչո՞ւ դե յուրե չունենաք: Եթե դե յուրե դու ունենաս այդ պայմանագիրը, դա լավ է, լայն է բացում Հայաստանի թեւերը, գործելու սահմանները, որն իհարկե անհրաժեշտ է»,- այսօր, Արցախում ընթացող «Հայաստան Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Պարգեւ Սրբազանը`պատասխանելով հարցին, թե կարծիք կա, որ ռազմաքաղաքական դաշինքը վաղուց կա:
Aravot.am-ի հարցին`կարծիք կա նաեւ, որ նման դաշինքը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը, քանի որ միջազգային հանրության եւ Ադրբեջանի կողմից կարող է կոշտ հակազդեցություն լինել, Պարգեւ Սրբազանը պատասխանեց. «Սրանից էլ ավելի վատ վիճա՞կ: Պատերազմական վիճակում ենք գտնվում, սրանից էլ վատ վիճակը ո՞րն է: Ամեն օր կրակում են սահմանին»: Մեր հաջորդ հարցին`տեւական դադարից հետո, կրակոցներն ինչո՞ւ վերսկսեցին սահմանին, Պարգեւ Սրբազանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ նրանք հյուսերը կորցրեցին այն առումով, որ մենք ինքնակամ կերպով ինչ-որ բաներ պետք է զիջենք: Իրենք հասկացան, որ մենք նույն սկզբունքների վրա ենք հիմնվելու»:
Սրբազանը չի կարծում, որ դիվանագիտական առումով, հայկական կողմերը հեռացել են հարցի կարգավորման որեւէ կետից: Հարցին`ռազմական հաղթանակների ամրագրումը, ճկունության արդյունքում գուցե հնարավոր լինի, նա պատասխանեց. «Հարցը ճկունություն մեջ չէ. ոչ ոք չի ուզում դրա հետ հաշտվել, թեեւ բացառիկ դեպքեր կան` Աբխազիա, Օսեթիա, Կոսովո, նոր-նոր բաներ են ի հայտ գալիս: Ի վերջո, պետք է հասնել դրան: Դժվար է ընթացքը, բայց չպետք է ընկճվել, պետք է շարունակել համառորեն մեր իրավունքները պաշտպանել: Պետք է գնանք առաջ` մի քիչ կնճռոտ, մի քիչ դժվար ճանապարհ է, բայց պետք է գնանք առաջ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ