Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյանը զգուշացնում է՝ հորդառատ անձրեւների պատճառով մի օր մայրաքաղաքում ջրհեղեղ է լինելու, ինչպես եղել է տարիներ առաջ

Մայիս 07,2019 18:29

Քաղաքային նոր իշխանություններն էլ ականջալուր չեն լինում քաղաքաշինության ոլորտի մասնագետների խորհուրդներին, քանի որ տարիներով կուտակված քաղաքաշինական հարցերը նրանց օրոք էլ լուծում չեն ստանում: Այս կարծիքին են Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը եւ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Պարոն Մուշեղյանի խոսքով, թե՜ նախկին թե՜ ներկայիս քաղաքային իշխանությունների սխալը գալիս է նրանից, որ գլխավոր քաղաքաշինական փաստաթղթերը՝ գլխավոր հատակագծից սկսած, դնում են մի կողմ եւ, առաջնորդվում օրվա խնդիրներով:

Ըստ Գուրգեն Մուշեղյանի, քաղաքաշինական կառույցները պարտադիր պետք է ունենան անձնագիր, որտեղ կնշվի՝ երբ են կառուցվել, ինչ կոմունիկացիաներ կան, ե՞րբ է դրա վերանորոգելու ժամկետը.

«Ենթադրենք կոյուղին պետք է վերանորոգվի, 5 կամ 3 տարին մեկ մաքրվի, ստուգեն մաքրվա՞ծ է թե՞ մաքրված չէ: Կամ՝ ոչ թե ամեն տարի այդ փողոցն ասֆալտվի, այլ, ասֆալտ անողը պետք է իմանա, որ 5 տարի հետո պետք է անի, որովհետեւ նրա ժամկետը մինչեւ հինգ տարի է: Այսինքն՝ նոր եկող պաշտոնյան անպայման պետք է տիրապետի իրավիճակին, թե ինչ կա, ինչ խնդիրներ են լուծվելու: Բայց հիմա օրվա խնդիրները լուծելով են ման գալիս, այսպես չի կարող լինել»:

Գուրգեն Մուշեղյանի խոսքով, Երեւանի նոր իշխանություններն էլ քաղաքաշինական կարեւոր փաստաթղթերի բացակայության պատճառով շատ հաճախ փաստի առաջ են կանգնում, սակայն քայլեր էլ չեն ձեռնարկում դրանք ունենալու: Ըստ ճարտարապետի, նրանք հիմնականում շահագրգռված են ներդրումային հարցերով. «Բայց այդ ներդրումը, կարող է, այսօր օգուտ է, բայց վաղը շատ մեծ փաստի առաջ է կանգնեցնում: Բազմաթիվ օրինակներ կան. մեկը ներդրում է անում, բնակելի շենք է կառուցում, որ մարդիկ բնակարաններ գնեն, բայց այդ շենքը դնում են ապագա փողոցի շարունակության վրա: Դա նշանակում է, այդ փողոցը չես կարող շարունակել: Եվ, հետագայում, եթե այդ փողոցը պետք է օգտագործես 4-5 անգամ ավելի շատ ծախս ես անելու, որ ուրիշ կողմով այն շարունակես»:

Կարինե Դանիելյանը զգուշացնում է՝ հորդառատ անձրեւների պատճառով մի օր մայրաքաղաքում ջրհեղեղ է լինելու, ինչպես եղել է տարիներ առաջ, ինչի արդյունքում մեծ ավերածությունն են եղել: Ըստ նրա, պատճառը հակաէկոլոգիական որոշումներ են, քաղաքում տարիներ ի վեր տեղի ունեցած անթույլատրելի կառուցապատումը, փակի տակ վերցված Գետառը, որը Երեւանի գլխավոր հեղեղատարն է: Տիկին Դանիելյանի խոսքով, շատ հաճախ փողոցներում առկա սելավատարները, որոնք փակված են ցանցով, որպես աղբամաններ են ծառայում, անգամ՝ փողոցները մաքրող հավաքարարներ են հավաքած աղբը սելավատարները լցնում:

Ինչ վերաբերում է քաղաքային իշխանությունների՝ օբյեկտները այգիներից ապամոնտաժելու որոշմանը, ապա տիկին Դանիելյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք ճի՞շտ են այդ գործողությունները, ի՞նչ պետք է անեն, որպեսզի ե՜ւ էկոլոգիան վերականգնվի ե՜ւ՝ սոցիալական խնդիրներ չունենանք, ասաց. «Դա շատ ցավոտ խնդիր է, մարդիկ գումարներ են ներդրել, մարդիկ են աշխատում, բայց, որ ամենացցուն կառույցները,որոնք ակնհայտ հակասում են, կարելի է քանդել, բայց այն պայմանով, որ նրանց այլ տեղ տրամադրեն»:

Գուրգեն Մուշեղյանը սակայն, գտնում է, որ կանաչ գոտիների հաշվին եւ խիտ-խիտ կառուցապատված նման օբյեկտները միանշանակ պետք է քանդվեն, քանի որ դրանցով ոչ միայն մայրաքաղաքի տեսքն է խեղաթյուրվել, այլեւ բնական հավասարակշռությունն է խախտվել. «Ինչ պարտադիր է, որպեսզի ռեստորանները լինեն կենտրոնում: Սպասարկման ոլորտը մենք հավասարաչափ չենք բաշխել, ամբողջ ժողովուրդը ոչ միայն Երեւանում է հավաքվում, այլեւ, Երեւանից էլ գալիս են Երեւանի կենտրոն: Այս վիճակն անտանելի է: Գոյություն ունեն նորմեր, թե յուրաքանչյուր օբյեկտ ինչ շառավիղով պետք է սպասարկի, քանի մարդ է ապրում այդ տարածքում, ինչ-որ չափով դրան կգումարվի տուրիստական հոսքերը եւ,ուրիշ ոչինչ: Այլ ոչ թե ամեն ինչ բերել կենտրոնում կենտրոնացնել, որը ազդում է եւ էկոլոգիայի վրա եւ տրանսպորտային խնդիրներն է դժվարացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031