Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը բենզինի գնի բարձրացման հետ կապված ասաց. «Չեմ կարծում, որ այստեղ այլ պատճառ կա, քան տնտեսական, որովհետեւ որքան ես նայում եմ, միջազգային շուկայում նույնպես կան բենզինի գնի տատանումներ: Բայց այսօր անհանգստացնող մի փաստ կա՝ բոլոր բենզալցակայաններում գրեթե միաժամանակ է բենզինը թանկացել: Դա ինձ զարմացնում է: Կարծում եմ, այդ հարցը պետք է ուսումնասիրել: Կասկած ունեմ, որ էլի ինչ-որ կարտելային համաձայնություններ կարող են լինել, որը շատ վատ երեւույթ է: Եթե կա նման բան, պիտի ժամանակին եւ տեղին հակազդեցության արժանանա դա»:
Հարցին՝ այսինքն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի՞ կատարում իր գործառույթները, որ կարող են շուկայում գործող ընկերությունները նման հակամրցակցային համաձայնության գալ՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, հանձնաժողովը գուցե սկսել է ուսումնասիրել, ես տեղյակ չեմ: Եթե չի սկսել, ես, որպես ՀՀ քաղաքացի, կհորդորեի ուշադրություն դարձնել այս փաստի վրա, որ բոլոր բենզալկցակայաններում գրեթե միաժամանակ է եղել»: Նա ասաց, որ կան դեպքեր, որ մեկ-երկու օր տարբերություն կա, բայց տնտեսապես քիչ է հավանական, որ կարող է արդարացված լինել բոլոր տնտեսվարողների մոտ ապրանքի գնի միաժամանակյա բարձրացումը. «Կասկածներ ունեմ, որ այդտեղ կարող է լինել կարտելային համաձայնություն»:
Գեւորգյանն ասաց, որ այս պահին բենզին ներկրողները ավելի շատ են, քան նախկինում, բայց անհանգստացնում է այն, որ այդ պարագայում եւս նրանք կարող է հակամրցակցային համաձայնության եկած լինեն:
Սոցցանցերում մարդիկ հարցնում են՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել, որ բենզինն ավելի թանկ լինի, քան նախկինում՝ Հայկ Գեւորգյանն արձագանքեց. «Սոցցանցերի այդ օգտատերերին հարցրե՞լ եք, թե ինչպես է ստացվում, որ գնաճը ՀՀ-ում առաջին եռամսյակի դրությամբ ընդամենը 1,5 տոկոս է, այն դեպքում, երբ «Բյուջեի մասին» օրենքով պետք է լինի առնվազն 2,5 տոկոս՝ 2,5-3,5: Պիտի լինի որոշակի գնաճ, բայց գնաճն ավելի ցածր է ստացվում, քան «Բյուջեի մասին» օրենքով է, իսկ դա հետեւանք է բազմաթիվ ոլորտներում նոր տնտեսվարողների ի հայտ գալու»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ այդ ցածր գնաճը չենք զգում մեր մաշկի վրա, ինչպես որ առաջ էլ ՀՀԿ-ի ներկայացրած ճոխ ցուցանիշները չէինք զգում, մեր կյանքը դրանից ավելի լավը չի դառնում՝ Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք ուրիշ որեւէ աղբյուր բերել, անկախ որեւէ հետազոտող կարո՞ղ է ապացուցել, որ գնաճի այն ցուցանիշը, որ այսօր մենք ունենք, ճիշտ չի»:
Մենք հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից ելույթը, թե ինչպես եք ստանում այդ ցածր գնաճը, Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, հիշեք կանաչ սոխի պատմությունը, Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «1,5-ը չեք կարող, թող լավ, 2 տոկոս լինի, էն կես տոկոսն էլ նվեր տված լինի, բայց նորմալ գնաճը, որ Հայաստանում պետք է լինի, պիտի կազմի 4 տոկոս, որը բյուջեով է սահմանված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ