Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հստակ նպատակը պետք է լինի Արցախի վերջնական ազատագրումը եւ միացումը Հայաստանին». Ավետիք Չալաբյան

Մայիս 07,2019 17:49

«Մեր այսօրվա իրավիճակը 100 տարի առաջ ունեցած մեր ռազմաքաղաքական պարտության հետեւանքն է, որի արդյունքում թուրք-ադրբեջանական եւ բոլշեւիկյան դաշինքը մեզ վերցրեց հրե օղակի մեջ ու հայրենազրկեց՝ թողնելով մեր մեծ հայրենիքից շատ փոքր հատված: Արցախյան հակամարտությունը եւ հայ- ադրբեջանական հակամարտությունը պետք է դիտարկել այդ համատեքստում, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման երկարաժամկետ պայքարի մաս»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը: Ըստ նրա, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մեր բնական անքակտելի իրավունքների վերականգնման առաջին ու կարեւորագույն քայլերից մեկն է, բայց վերջինը չէ: Զգուշացնում է`ճանապարհը կարող է երկար լինել եւ հավելում, որ հաղթանակը հնարավոր է նախաձեռնողականության պայմաններում. «Հնարավոր չէ պաշտպանվելով հաղթել: Այստեղից երեւում է Շուշիի բարձունքը, որը մարդիկ գրավել են ֆանտաստիկ նախաձեռնողականության պայմաններում: Դա երեւակայությունից դուրս բան է եղել, որը մարդիկ արել են: Կարծում եմ, որ դրանից հետո սկսված կարգավորման դիվանագիտական գործընթացն ինչ-որ իմաստով արժեզրկել են այն ռազմական հաջողությունները, որոնք մենք ունեցել ենք: Մարտի դաշտում մենք եղել ենք շատ ավելի քաջ, քան հետո, երբ մեր վրա վերցրել ենք միջազգային, այսպես ասած, գոյություն չունեցով իրավունքի պարտադրանքը, որը մեզ չի տանում կարգավորման: Մենք հրաշալի հասկանում ենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն տանում ոչ մի կարգավորման, բայց չգիտեմ՝ ինչ պատճառով շարունակում ենք բանակցել»:

Ավետիք Չալաբյանի կարծիքով, մեր հստակ նպատակը պետք է լինի Արցախի վերջնական ազատագրումը եւ միացումը Հայաստանին, որպես միասնական հայկական պետություն. «Միաժամանակ, բանակցային գործընթացը, կարգավորման գործընթացը պետք է առաջ մղենք հետեւողականորեն, նախաձեռնողականորեն, բայց այնպիսի քայլերով, որպեսզի ոչ մեկը, առանձին վերցրած, չխաթարի պրոցեսի վերջնական նպատակը: Այդ իմաստով, Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքը վաղուց հասունացած խնդիր է, որի մասին երկու անգամ բարձրաձայնվել է, բայց տարբեր պատճառներով հետ ենք կանգել»:

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն էլ ասաց` ռազմաքաղաքական այդ պայմանագրում ցանկանում է տեսնել մեկ գաղափար՝ ՀՀ-ի եւ Արցախի խորը, գործնական ինտեգրացիա. «Եթե մենք այս փաստաթղթի մեջ տեսնելու ենք այդ խորը ինտեգրացիան, դա ողջունելի է: Իսկ եթե այս փաստաթղթի մեջ տեսնում ենք ուղղակի փաստաթուղթ, որը կստորագրենք, ծափ կտանք, հետո կգնանք նշելու եւ կմոռանանք, ապա, բացի սրացումից, ոչինչ չի տալու: Եկեք մեզ չխաբենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է հետո ենթադրելու այս փաստաթուղթը: Եկեք իրար աչքերի մեջ պարզ նայելով ասենք՝ կա՞ արդյոք այսօր ՀՀ-ի եւ Արցախի խորը ինտեգրացիա: Կարծում եմ՝ ոչ: Այն ինտեգրացիայի մակարդակը, որը կա, շատ քիչ է: Կա հսկայական աշխատանքի խնդիր՝ երկու պետությունների անոթային համակարգը պետք է կապել իրար, և այս դեպքում որևէ տեղ իշխանության փոփոխության դեպքում հարցեր չեն ծագի»:

Նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանն էլ՝ ողջունելով նախաձեռնությունը, նաև նախատեց Արցախի իշխանություններին, որ պատժեցին այն մարդկանց, ովքեր ընդվզեցին Հայաստանում ներքնաշորերով տեսախցիկներ փակելու և դա արցախյան ազատամարտից վեր դասելու հայտարարությունների դեմ ընդվզողներին։

Ֆորումի ավարտին նաեւ հռչակագիր կընդունվի: 15 հոգանոց կազմկոմիտեն՝ Հայաստանից Արցախից և Սփյուռքից կքննարկի ստորագրահավաքի անցկացման և սեղմ ժամկետներում կլրացնի իրավապայմանագրային բացը՝ դաշինքի կնքման համար։

Ֆորումի փակման խոսքում Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը ասաց՝ լավ հիշեք մեր գործն ազնիվ և արդար է և, եթե մի բանի համար պայքարում ես մինչև վերջ՝ պետք է պայքարել ու առանց վախի։ Նա ասաց՝ գալու է օրը և ստանալու ենք այն ամենն, ինչ ցանկանում ենք՝ միայն թե պետք է պայքարը շարունակել։ Նա շնորհակալություն հայտնեց միավորման համար և այն գործի, որ պետք է արվի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031