Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանակցություններով խաղաղություն չի լինելու». Դավիթ Շահնազարյան

Մայիս 07,2019 17:24

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ սա բազմակողմանի, բազմավեկտոր եւ համահայկական գործընթացի սկիզբն է: Բոլորիս այստեղ հավաքել է խորը մտավախությունը, որ մենք ունենք մեր երկու պետականությունների վերաբերյալ»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընթացքում ասաց 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը:

«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գոյություն չունի միջազգային իրավունք, գոյություն չունի անվտանգության այն համակարգը, որը ձեւավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս իրավիճակում առավել կարեւոր եմ համարում, որ Հայաստան- Արցախ ռազմավարական դաշինքից հետո նոր կապ հաղորդվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Սա համայն հայության խնդիրն է: Եվ այս խնդիրը բանակցային սեղանի վրա չէ, որ լուծվելու է, իշխանությունների կողմից չէ, որ միայն լուծվելու է»,- ասաց նա:

Ըստ նրա, խնդիրն այս տարբերակով հնարավոր է լուծել. «Կան երկրներ, որոնց խորհրդարաններում ավելի քան հնարավոր է ճանաչման խմբեր ձեւավորել, ԱՄՆ, Ֆրանսիա եւ այլն: Այս ուղղությամբ պետք է մեծագույն աշխատանք տարվի: Խոսվեց հիբրիդային պատերազմի մասին, եւ այդ պատերազմում պետք է կարողանալ առաջ տանել մեր շահերը, որովհետեւ արտաքին քաղաքականության ողնաշարը կրկնակի ստանդարտներն են: Եկեք չբողոքենք որեւէ երկրից, որ կիրառում է կրկնակի ստանդարտներ, քանի որ առանց կրկնակի ստանդարտների գոյություն չունի արտաքին քաղաքականություն: Բայց կրկնակի ստանդարտները օգտագործել ներքին քաղաքականությունում, դա արդեն դառնում է աղետ»:

Դավիթ Շահնազարյանի կարծիքով, բանակցային գործընթացում անհրաժեշտ է մեզ ձեռնտու օրակարգ, դաշնակիցների, բարեկամների նոր ձեռքբերումներ`չմոռանալով կարեւոր հարցը. «Բանակցություններով խաղաղություն չի լինելու: Եկեք միամիտ չլինենք: Բանակցություններով քաղաքական կարգավորում չի լինելու, քանի որ հակառակորդի նպատակը, ոչ թե այսպես ասած «գրավված տարածքները», եւ այն հողը, որտեղ մենք հիմա գտնվում ենք՝ գրավելն է, այլեւ հայոց պետականությունների ոչնչացումն է: Իրենք ցանկանում են օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից եւ դա լուծել: Մենք պետք է սրան պատրաստ լինենք»:

Անվտանգության մասին խոսելիս, ըստ Դավիթ Շահնազարյանի, մենք պետք է ի նկատի ունենանք միացումը՝ Արցախի միջազգային ճանաչման եւ միջազգային սուբյեկտ դարձնելու միջոցով: «Երբ որ այսօր ակտիվացած ուժերը խոսում են խաղաղության մասին… ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ո՞րն է խաղաղությունը: Կապիտուլյացիա ստորագրելն էլ է խաղաղություն կողմերի համար: Խաղաղությունը բարձր արժեք է: Բայց Արցախի անկախությունը, Հայաստանի անկախությունը, մեկ հայրենիք՝ երկու պետությունը, դրանք շատ ավելի բարձր արժեքներ են: Խաղաղությունը չի տրվում սեմինարներով, խաղաղությունը նվաճվում է, այն խաղաղությունը, որը մեզ պետք է»:

Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է`2011 թվականից մշտապես ասվում է, որ Ադրբեջանի ռազմական ներուժը քսան անգամ գերազանցում է Հայաստանինը եւ Արցախինը, Խորհրդային միության փլուզումից հետո էլ ասում էին, որ Ադրբեջանը հինգ անգամ ավել սպառազինություն ունի, նրա մարդկային ներուժն ավելի մեծ է եւ որեւէ ռազմական հաջողություն լինել չի կարող. «Սրանք թյուր պնդումներ են, որոնք աշխատում են մեր դեմ: Ես համոզված եմ, որ սպառազինությունների մակարդակով մենք արդեն մոտ ենք այն իրավիճակին, ինչը որ ութսունականներին ասում էին Խորհրդային միության եւ ԱՄՆ-ի մասին: Մենք մոտ ենք այն իրավիճակին, որ Ադրբեջանի համար կենաց եւ մահու խնդիր է լինելու նոր, արկածախնդիր պատերազմը»: Նա համամիտ է տեսակետների հետ, որ անվտանգության համար կարեւորագույն տարր է նաեւ ուժեղ տնտեսությունը:

Նա կարեւորում է, որ այս հարցերի շուրջ չունենանք քաղաքական տարաձայնություններ, ինչպես չենք ունեցել Արցախի պատերազմի ժամանակ: Այժմ էլ տեսնում է կոնսենսուսը. «Մեր մեծագույն նվաճումներից մեկը, այն համախմբումն էր հայության, որը 2016-ի ապրիլին ցուցադրվեց, ինչը դրսում շատ շատերին մտահոգել էր: Հիմա փորձ է արվում սեփ խրել դրա մեջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031