Ծաղկաձորում գրողների հանգստյան տանը շախմատի միջազգային գիտաժողովին զուգահեռ մեկնարկել է դպրոցականների 13-րդ հանրապետական թիմային օլիմպիադայի եզրափակիչ փուլը: ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանն Aravot.am-ին ասաց, որ օլիմպիադան մեկնարկել է անցած տարվա հոկտեմբեր ամսին եւ ընթանում է չորս փուլով: «Այսօր եզրափակիչ փուլին մասնակցում է 18 թիմ Երեւանից, Գյումրիից, Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից եւ այս տարի նաեւ՝ Ջավախքից: Հաղթող թիմը իրավունք է ստանալու մասնակցել «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարին (հունիսի 1-ից 11-ը՝ Սոչիում): Մեր պատանիների թիմերը այդ մրցաշարին հաջողությամբ մասնակցել են վերջին չորս տարիներին՝ դառնալով թե հաղթող, թե արծաթե, թե բրոնզե մրցանակակիր եւ թե զբաղեցնելով 4-րդ տեղ: Այս տարի նրանց հինգերորդ մասնակցությունն է լինելու»:
ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ թիմերում աճ գրանցվել է թե ոչ, կարելի կլինի խոսել օլիմպիադայի ավարտից հետո միայն: «Բայց այն, որ հետաքրքրությունը շախմատի նկատմամբ բավականին մեծ է եւ շարունակում է բարձր մնալ, այսօրվա եզրափակչի անցկացումն է եւ դրան հաջորդող միջազգային գիտաժողովը: Քննարկվելու է շախմատը, որպես առարկայի ներդրման եւ շախմատը որպես կրթական առարկա եւ մոդել թեման: Ժամանել են շախմատային ճանաչված գործիչներ եւ թեմայի քննարկումը նաեւ մեզ համար է կարեւոր, որտեղ արձանագրվելու են ընթացիկ խնդիրները եւ լուծումներ են առաջարկվելու»,-ասաց նախարարը:
Լրագրողներից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանը քաղաքական առումով շախմատի զարգացման համար խոչընդոտ չէ՞, նախարարը հակադարձեց. «Եթե ես այստեղ եմ, ուրեմն խոչընդոտ չկա»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ