Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել՝ երաշխավորելով նրա համար:
Այս դիմումը հարցեր է առաջացրել՝ կարո՞ղ է Արցախի՝ այլ երկրի նախագահը դիմել ու երաշխավորել նման բան: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ երաշխավորման ինստիտուտն է գործում ու կարող են երաշխավորել պատգամավորները, նախկին ու գործող նախագահները, գլխավոր դատախազն էլ կքննի, պատասխանը կտա. «Ես չէի ուզենա, որ Արցախի հարցը այս հարցում շահարկվի՝ առանձի՞ն պետություն է, թե՞ ոչ»:
Հարցին՝ սա ի՞նչ ուղերձ կարող է լինել Արցախի իշխանությունների կողմից՝ Մարուքյանը պատասխանեց. «Ինձ համար ոչ մի մեսիջ: Նախագահները՝ նախկին ու գործող, քաղաքական մարդիկ են եւ նրանց բոլոր գործողությունների մեջ պետք է փնտրել քաղաքական ենթատեքստ, բայց մարդիկ խոսում են իրավական պրոցեդուրայի մասին, մարդիկ ասում են՝ մենք երաշխավորում ենք, առաջարկում ենք մեզ որպես երաշխավորներ հաշվի առնել: Հաշվի կառնեն, թե ոչ՝ դա մեր գլխավոր դատախազի գործն է: Աշխարհացունց բան չի եղել»:
Հարցին՝ մեղադրող կողմը պնդում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել դատաքննությանը, քննությանը, երկու նախագահներն իրենց երաշխիքով կարո՞ղ են երաշխավորել, որ նա չի խոչընդոտելու՝ Մարուքյանը պատասխանեց, որ ցանկացած միջնորդություն քննարկվում է տվյալ գործի իրողությունների լույսի ներքո, կարող են գտնել, որ այլեւս չի խոչընդոտի Քոչարյանը, կարող են գտնել, որ կխոչընդոտի:
Կարդացեք նաև
Մարուքյանը հիշեցրեց, որ Արցախի պատգամավորներ էլ էին երաշխավորել Քոչարյանի համար, այնպես որ սա նորություն չի:
Հարցին՝ դուք արտառոց բան չե՞ք տեսնում այստեղ, երբ Արցախի ղեկավարությունը դիմում է ՀՀ դատախազին՝ Քոչարյանին ազատելու խնդրանքով՝ Մարուքյանը պատասխանեց, որ այլ տարբերակները չեն աշխատել, հիմա էլ դա են փորձում, Բակո Սահակյանն էլ գնացող նախագահ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ