Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե տորթ ունեք, կանչեք…». Փաշինյանը հանրային ռադիոյում է

Մայիս 07,2019 16:58

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի օրվա կապակցությամբ այցելել էր Հանրային ռադիո, որտեղ եթերում նաեւ պատասխանեց հարցերին: Փաշինյանը հիշեց, որ անցյալ տարի հեղափոխության օրերին մուտք էր գործել հանրային ռադիոյի շենք եւ պահանջում եթեր. «Այն ժամանակ չստացվեց, հիմա ստացվեց»:

Մինչ հարցերին պատասխանելը, վարչապետը հույս հայտնեց, որ լրատվական նոր իրավիճակում Հանրային ռադիոն կպահպանի իր դիրքերը կամ նոր դիրքեր կնվաճի:

«Հիմա նույն ստուդիայում ենք, ինչ մի տարի առաջ ներխուժել էի: Ներողություն եմ խնդրում այն ժամանակ ում անհանգստություն ենք պատճառել, հույս ունեմ,որ բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ է, եւ դա կարճաժամկետ առումով իրեն արդարացրեց: Հույս ունեմ՝ երկարաժամկետ առումով նույնպես այդ քայլն արդարացված կլինի»,-ասաց Փաշինյանը:

Պատասխանելով ռադիոհաղորդավարի հարցին, վարչապետն ասաց, որ կառավարությունը պատրաստվում է բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը, եւ այս տարի ծրագրում են 100 միլիոն դոլարից ավելի կապիտալ ծախսեր իրականացնել. «Որոնք մեր հաշվարկով պետք է խթան հանդիսանան տնտեսության համար: Փառք աստծո, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն է եւ մենք հիմա պետք է լայնածավալ կապիտալ ներդրումների միջոցով խթանենք տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումն ու բարեկեցության աճը զգան»:

Փաշինյանը վստահեցրեց՝ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձերը բարձրացել են. «Իհարկե սա  ճանապարհի սկիզբն է, կարծում եմ, որ մենք լավ մեկնարկային վիճակում ենք, եւ կարող ենք լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել»:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ վաղը ասուլիս է տալու եւ ներկայացնելու 100 փաստ հեղափոխությունից հետո իրականացրած ծրագրերի մասին:

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանն իր աշխատանքային գրասենյակում Փաշինյանին առաջարկեց, ինչպես նրանց զրույցից պարզ դարձավ, ռադիոյի օրվա տորթը համտեսել:

«Գուցե կանչենք իրենց (հավանաբար աշխատակիցներին նկատի ուներ Ն. Բ.), տորթ ունենք»,-ասաց Շիրինյանը:

«Տորթ ունե՞ք, հա, եթե տորթ ունեք, կանչեք իրենց»,-արձագանքեց Փաշինյանն ու ֆեյսբուքի իր էջում՝ հանրային ռադիո այցի ուղիղ եթերն անջատեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031