Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում չեղարկվել են քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթել էր ընդդիմության թեկնածուն

Մայիս 07,2019 16:40

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, որոնցում մարտին անսպասելիորեն հաղթանակ էր տարել ընդդիմության ներկայացուցիչը: Երկրորդ քվեարկությունը տեղի կունենա հունիսի 23-ին:

Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վիճարկել էր ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք ուղեկցվել են խախտումներով և կոռուպցիայով:

Ստամբուլի ընտրություններում ոչ մեծ տարբերությամբ հաղթել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն (լուսանկարում):

ԺՀԿ առաջնորդի տեղական Օնուրսալ Ադիգյուզելն ասել է, որ ընտրությունների վերանշանակումը ցույց է տալիս, որ Թուրքիայում արգելված է հաղթանակ տանել իշխող կուսակցության նկատմամբ:

«Քաղաքական համակարգը, որն արհամարհում է ժողովրդի կամքը և օրենսդրությունը, ժողովրդավարական չէ և լեգիտիմ չէ: Դա պարզապես բռնապետություն է»,- գրել է Ադիգյուզելը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ՝ ապրիլին, ԿԸՀ-ն հաստատել էր, որ ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ:

Ինքը՝ Իմամօղլուն, սոցցանցերով հեռարձակվող հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ԿԸՀ որոշումը և մեղադրում նրան իշխող կուսակցության ճնշումներին ենթարկվելու մեջ:

«Մենք երբեք հետ չենք քաշվում մեր սկզբունքներից,- հայտարարել է Իմամօղլուն իր համախոհներին:- Այս երկրում ապրում է 82 մլն հայրենասեր, որոնք մինչև վերջ կպայքարեն հանուն ժողովրդավարության»:

Իմամօղլուի համախոհները ընտրողներին հանդարտության կոչ են արել՝ հայտարարելով. «Եկեք միասնական լինենք, հանգիստ լինենք… Մենք կհաղթենք, մենք կրկին կհաղթենք»:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ամբողջ Թուրքիայում անցկացվել են մարտի 31-ին:

Չնայած «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիան հավաքել էր ձայների 51%-ը, ԺՀԿ-ն հաղթել էր մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում:

Իշխող կուսակցությունը վիճարկում է քվեարկության արդյունքները Ստամբուլում և Անկարայում, իսկ ընդդիմությունը պնդում է, որ կառավարությունը փորձում է հօգուտ իրեն փոխել քվեարկության արդյունքները:

Ինքը՝ Էրդողանը, նախկինում բազմիցս հայտարարել է, որ առանց կռվի Ստամբուլը չի հանձնի: «Նա, ով հաղթում է Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում»,- բազմիցս ասել է նա իր ելույթներում: Եվ նա, իսկապես, խիստ տրամադրված է վերադարձնելու վերահսկողությունը երկրի տնտեսական մայրաքաղաքի նկատմամբ:

Բայց նրա ռազմավարությունը հղի է ռիսկերով: Թուրքական լիրայի փոխարժեքը, որը վերջին մեկ տարում ընկել է 30%-ով, նորից կընկնի: Քաղաքական անկայունությունը չի օգնի արդեն ռեցեսիայի մեջ գտնվող տնտեսությանը:

Եվ հենց տնտեսական խնդիրներն էին պատճառը, որ Էրդողանն ու նրա կուսակցությունը պարտվեցին Ստամբուլում:

Ավելին, գնալով աճում է ընտրություններում հաղթած Էքրամ Իմամօղլուի վարկանիշը: Հետևաբար, նոր ընտրությունները կարող են ավարտվել նրա էլ ավելի համոզիչ հաղթանակով, եթե չլինեն լուրջ ընտրախախտումներ, ինչից վախենում է ընդդիմությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031