Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել՝ երաշխավորելով նրա համար:
Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք չի ինքը գնահատական տա դրան, պատասխանը դատախազության տիրույթում է:
Հարցին՝ մայիսի 9-ին ընդառաջ սա ի՞նչ քաղաքական ժեստ է, դիմումում խոսվում է, որ Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, դուք ի՞նչ կարծիք ունեք՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այստեղ քաղաքականությունն ընդհանրապես կապ չունի, ոչ էլ քաղաքական ժեստի մասին ենք խոսում: Պարոն Սահակյանը եւ պարոն Ղուկասյանը դիմել են դատախազին, հետեւաբար խնդիրը իրավական դաշտում է»:
Հարցին՝ այսինքն, խնդիրը իրավակա՞ն հարթությունում է միայն, ի՞նչ քաղաքական ուղերձ եք տեսնում, եթե վերանանք իրավական դաշտից, չէ՞ որ Արցախի իշխանություններն են դիմում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Արցախում ներկայիս եւ նախկին նախագահը դիմել են դատախազին եւ առաջարկ են ներկայացրել, դա իրենց իրավունքն է, այդքանը: Ես տեսնում եմ առաջարկ, թե ինչ ենթատեքստ կա այդ առաջարկի տակ, պետք է հարցնեք առաջարկողներին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է Ղարաբաղի իշխանությունը, առիթն օգտագործելով, իր աջակցությունն է այսպես հայտնում Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց. «Ես չեմ պատրաստվում քաղաքական մեկնաբանություն տալ այդ առաջարկին: Թող առաջարկի հասցեատերը տա պատասխան եւ թող առաջարկի հեղինակները մեկնաբանեն»:
Հարցին՝ սա ղարաբաղյան հարցի վրա չի՞ ունենա ազդեցություն այն համատեքստում, որ ղարաբաղյան գործող իշխանությունները դիմում են ՀՀ իշխանություններին ու ասես ներքին առճակատում է ստեղծվում՝ Ռուբինյանը պատասխանեց, որ ոչ, նման մտավախություն չկա:
Դիտարկմանը, որ Ղարաբաղի իշխանությունները անթաքույց պաշտպանում են Քոչարյանին ու այստեղ քաղաքական ենթատեքստ կա՝ Ռուբինյանը արձագանքեց, որ այդ պնդման հետ համաձայն չէ. «Դուք պնդում եք անում, որ Ղարաբաղի իշխանությունները սատարում են Ռոբերտ Քոչարյանին, ես համաձայն չեմ դրա հետ»:
Հարցին՝ դուք անձամբ ուզո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնել՝ Ռուբինյանը պատասխանեց. «Այդ հարցը իմ ցանկություններից չի կախված, այլ՝ արդարադատությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ