Խորհրդարանն այսօր քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած՝ «Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիշեցնենք, որ այս նախագծով սահմանափակվում է ինտերնետ-շահումով եւ առցանց խաղատների գովազդը ԶԼՄ-ներով, հեռուստառադիոեթերով:
Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, որ ըստ նախագծի՝ շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը հեռուստատեսությամբ թույլատրվում է 22:00-07:00-ն, ռադիոյով՝ 08:00-20:00-ն, իսկ արտաքին գովազդն արգելվում է առհասարակ: «Առցանց լրատվամիջոցների հետ քննարկման արդյունքում գնացել ենք փոխզիջման: Գովազդը չպետք է գերազանցի կայքէջի 20%-ը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ այս օրինագիծը միտված է խաղամոլության ծավալների նվազեցմանը. «Լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբի հետնամասի պաստառին թույլատրվում է առցանց խաղատան գովազդը, բայց այն պետք է լինի միայն տարբերանշանի տեսքով՝ առանց խաղատան կայքի հասցե պարունակելու»:
Կարդացեք նաև
Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ մտահոգություն հայտնեց. «Լրատվական կայքերի էջերից պետք է բացառել նաեւ առցանց-խաղատների ակտիվ հղումները, որպեսզի անչափահասները որեւէ նյութ ընթերցելիս չգայթակղվեն եւ ձեռքի մեկ շարժումով չհայտնվեն առցանց-խաղատների կայքերում»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ մեկ այլ մտահոգություն հայտնեց այն մասին, որ սահմանափակումների պատճառով առցանց խաղատների գովազդները կտեղափոխվեն սոցիալական ցանցեր. «Այսպես պետությունը նաեւ հարկեր է կորցնում, որովհետեւ այդ ընկերությունների գովազդը սոցիալական կայքերում չի հարկվում»:
Հավելենք, որ նախագիծը դեռ պետք է դրվի քվեարկության եւ անցնի առաջին ընթերցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ