ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դեռ չի ստացել, սակայն Դատական տեղեկատվական համակարգում այն արդեն տեղադրված է:
Հիշյալ որոշմամբ արձանագրվել է, որ դատարանը ինքնաբացարկ է հայտնել մի քանի պատճառով, մասնավորապես, սույն գործն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչպես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, ներկայումս դատավոր Վարդան Գրիգորյանը իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Բացի այդ դատավորը պարզել է նաև, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել ՀՔԾ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի միջնորդությունը` մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով դատախազի միջնորդության հիման վրա, 29.12.2018թ-ին ինքնաբացարկ է հայտնել:
Միաժամանակ որոշման մեջ դատավորը նաև նշել է, որ 2007 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, իսկ 2005 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Ռուբեն Սահակյանը, ով ներկայումս իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը։
Կարդացեք նաև
Դատարանն արձանագրել է, որ այդ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով գտնում է, որ անհրաժեշտ է ինքնաբացարկ հայտնել:
«Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի»,֊ասվում է որոշման մեջ:
Պաշտպանական խումբը գտնում է, որ նույնիսկ այս պարագայում դատարանը պարտավոր է դատական նիստ հրավիրել, կողմերին տեղեկացնել ինքնաբացարկի հիմքերի առկայության մասին, հաշվի առնելով այն, որ որևէ նախատրամադրվածություն չունի սույն գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնում՝ առաջարկելով կողմերին քննարկել իր ինքնաբացարկի անտեսման հարցը:
Պաշտպանական խումբը պնդում է նախկինում հայտնած իր դիրքորոշումը՝ դատարանն ամեն դեպքում պարտավոր էր անդրադառնալ խափանման միջոցի հարցին՝ հետևաբար գտնում են, որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ