Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Կուզեմ այս գիտաժողովում քննարկվեն այն խնդիրները, որ բարձրացնում են ծնողները եւ ուսուցիչները»

Մայիս 07,2019 15:01

Ծաղկաձորում այսօր աշխատանքը սկսեց «Շախմատի կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ՖԻԴԵ-ի, համաշխարհային շախմատի նշանավոր գործիչներ եւ 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ցանկացած նորարարության, որ կա կրթական ոլորտում, դրական եւ բացասական ազդեցությունները երեւում են տարիներ հետո: Բայց կարեւոր է հետեւել դրա ընթացքին եւ հընթացս առաջացած հարցերին լուծումներ տալ: «Ինձ համար շատ ուրախալի է, որ իմ գործընկերների հետ քննարկումների ժամանակ նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հանրակրթության ոլորտում շախմատ առարկան ներդնելու վերաբերյալ: Մի շարք գործընկերների հետ քննարկել ենք համագործակցության հնարավորությունը: Նրանք հետաքրքրված են այս առարկան նաեւ իրենց երկրներում ներդնելու համար, եւ այստեղ մեր մասնագետները շատ օգտակար կլինեն:

Մենք պարոն Սմբատ Լպուտյանի, առարկան ներդնողների հետ ունեցել ենք քննարկումներ: Կուզեմ նաեւ, որ այս գիտաժողովի ընթացքում էլ քննարկումներ լինեն այն խնդիրների վերաբերյալ, որոնք մասնավորապես բարձրացնում են աշակերտների ծնողները, ուսուցիչները: Մենք պարոն Լպուտյանի հետ արձանագրել ենք մի շարք հարցեր, որոնք, կարծում եմ, կարճ ժամանակ հետո լուծումներ կստանան եւ առարկայի ներդնումն ավելի արդյունավետ կլինի: Դրանք մասնավորապես վերաբերում են առարկայի դասավանդման մեթոդներին եւ վերապատրաստումներին: Կարծում եմ, այդ խնդիրները չառաջանալ չէին էլ կարող, որովհետեւ եղել է առարկայի լայնածավալ ներդնում եւ ցանկացած նմանատիպ մեծ ձեռնարկների դեպքում  նման հարցեր առաջանում են:

Բոլորիդ հաջող քննարկումներ եմ մաղթում այս գիտաժողովի շրջանակում եւ կարծում եմ, բոլոր այն արդյունքները, որոնք կլինեն, նոր թափ կհաղորդեն կրթության մեջ շախմատ առարկայի ներդրումին», -ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031