2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է ամբողջովին նոր փուլ, ձևավորվել են հանրային մեծ ակնկալիքներ և նոր հնարավորություններ, ինչպես նաև առաջ են եկել նոր մարտահրավերներ:
Փոփոխությունների արդյունքում տեղի ունեցած ազատականացումը (ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության վերացում, քաղաքացիական ազատությունների երաշխավորում, արմատացած կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդում և այլն) անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է ժողովրդավարացման և պետության արդիականացման (զարգացման) համար: Ազատականացման ընձեռած հնարավորություններն արդյունավետ իրացնելու և պետության արդիականացման գործընթացը երաշխավորելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հասարակության քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի խորքային և շարունակական բարեփոխումներ, որոնք կուղեկցվեն նաև արժեհամակարգի փոփոխությամբ: Այդ բարեփոխումները լիարժեք կիրականացվեն միայն քաղաքացիական և քաղաքական լայն հանրության հետ համագործակցության արդյունքում ձևավորված պետության զարգացման ռազմավարական տեսլականի շրջանակներում: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունի պետական արդիականացման ռազմավարության մշակումը, որն իր մեջ կներառի պետության բոլոր գերակա ճյուղերի երկարաժամկետ զարգացման տեսլականները (ռազմավարությունները): Պետական արդիականացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, խորքային բարեփոխումներին զուգահեռ, հնարավորություն կտա.
- ձևավորել պետության զարգացման փոխհամաձայնեցված միասնական տեսլական,
- հաղթահարել բազմամակարդակ անորոշությունները,
- երաշխավորել կայուն և շարունակական սոցիալ-տնտեսական զարգացում,
- ապահովել քաղաքական կայունություն,
- առավել չափելի և կանխատեսելի դարձնել իրականացվող հանրային քաղաքականությունը:
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, համագործակցելով կուսակցությունների, գիտահետազոտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ խմբերի հետ, նախաձեռնել պետական արդիականացման ռազմավարության մշակման գործընթացը: Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ներգրավվելու և աջակցելու վերոնշյալ գործընթացին:
«Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնություն