«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ այսօր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ հիմա իրենք դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ այն հիմնված է կառավարության «ինտուիցիայի եւ ներքին զգացողությունների» վրա: «Սուպերնախարարությունների այս մոդելը տապալվելու է: Եթե Մշակույթի նախարարությունը միացնեիք, ու ստացվեր Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն, հասկանալի կլիներ, բայց այն միավորելը կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի հետ՝ տրամաբանություն չկա»,- համոզմունք հայտնեց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «սուպերնախարարությունները» կդառնան առանձին բռնապետական կառույցներ. «Չեմ հավատում, որ կառավարությունում «բոնապարտներ» կան, որոնք կարող են նման ունակությունների տիրապետել եւ «մոնստր» կառույցներ համակարգել: «Սուպերնախարարությունները» չեն աշխատելու: Հնարավոր չէ գտնել այդպիսի Բոնապարտի: Կառավարության կառուցվածքի այս փոփոխությունը տապալվելու է, հիշեք այս օրը»:
Նաիրա Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Տիկին Զոհրաբյան, այո, ՀՀ-ում նապոլեոններ չկան, չկան նաեւ թագավորներ: Վստահեցնում եմ՝ անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Փաշինյանը, նման նախարարությունները կարող են ղեկավարվել արհեստավարժ նախարարներից կողմից: Հասկանում եմ ձեր փորձը, բայց նախկինում ՀՀ-ն այլ տրամաբանությամբ էր ղեկավարվում, հիմա՝ այլ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին այն մասին, որ վարչապետը պահպանում է նախկին՝ «սուպերվարչապետական» համակարգը, Ալեն Սիմոնյանն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը մինչեւ վարչապետ ընտրվելն էր «սուպերվարչապետ»՝ ժողովրդի շրջանում վայելած վստահությամբ: Մենք արդեն ասել ենք, որ սուպերվարչապետության ինստիտուտը չի մնալու այն տեսքով, որով քննադատվել է: Վարչապետն ինքն է այդ մասին խոսել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ